Tert.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը որևէ նոր բան չի տեսնում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ այսօր  հրապարակված  «ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզում»:

Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մինչև հիմա գոյություն ունեցող բոլոր կուսակցություններին էլ, նույնիսկ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Շարմազանովին էլ, եթե հարցնեք, կասի, որ մեզ մոտ, այ, այդպիսի իրավիճակ է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook կայքի իր էջում նշել էր, որ այդ  ինստիտուցիոնալ քաղաքական կառույցի տարբերությունը մինչև այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարությունն է, ներքին մրցակցային դաշտը, ներկուսակցական ընտրական համակարգի գոյությունը, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառումը, կոլեգիալ կառավարումը և այլն։

Արմեն Մարտիրոսյանի՝ ոչ մի նոր բան չլինելու գնահատականը վերաբերում էր նաև քարտեզում տեղ գտած մեկ այլ կետի՝ կուսակցության մեջ ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժի ներգրավմանը։

«Այնպես չէ, որ որևէ կուսակցություն չձգտի իր մոտ հավաքել առավել ինտելեկտուալ քաղաքացիական ներուժին: Օրինակ՝ «Ժառանգության» պահով կարող եմ ասել, որ 2007 թվականին խմբակցության 7 պատգամավորից 3-ը կուսակցական չէին»: Այս առումով էլ նորություն չեմ տեսնում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ստվերային կառավարության ձևավորմանը, որը ևս Նիկոլ Փաշինյանի քայլերից մեկն է, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ցանկացած կուսակցության նայելով՝ ամեն մեկը կարող է շատ հանգիստ ասել, թե իր կառավարության կազմում ովքեր են լինելու:

Ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության մասին Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բոլորն էլ ձգտում են մասնակցել ընտրություններին:

«Հանրապետական կուսակցությանն էլ ձգտում է քվե ստանալ»,-հավելեց նա։

8-րդ քայլի՝ «Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի» կապակցությամբ էլ «Ժառանգության» փոխնախագահը նկատեց. «Երբ մի 20 հոգի մտնի տեղամաս, վստահվածի անձանց հանի, ու ոչ ոք չստորագրի արձանագրության տակ, ոստիկանությանն էլ կանչես, ասեն՝ քո վստահված անձինք են մեղավոր, տեսնենք՝ հնարավոր կլինի՞ այդ արդյունքները արձանագրել: Կրկնում եմ՝ բոլորն էլ դա ձգտում են անել: «Արդարություն» դաշինքը չէ՞ր ձգտում»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում այս քարտեզը համարեց ժամանակավրեպ կամ քաղաքականապես ոչ ակտուալ:

«Ներկա դրությամբ Հայաստանում առկա քաղաքական երևույթը այն է, որ Հանրապետական կուսակցությունը եկել է իշխանության ընտրությունների կեղծման ճանապարհով, ստացել է մեծամասնություն ԱԺ-ում և ՀՀ նախագահի պաշտոնը: Այսինքն՝ երկու առաջնային մանդատներ՝ պարտադրելով մեր երկրում սահմանադրական կարգ, խախտելով Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ , 5-րդ հոդվածների դրույթները: Եվ Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը կարծես թե շրջանցում է այդ քաղաքական իրողությունը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ ընտրություններում այդ «բացարձակ» ուժի դեմ դուրս գալը խիստ բարդ գործընթաց է:

Համենայնդեպս, առ այսօր, ըստ նրա, այնպես է եղել, որ որևէ քաղաքական ուժի դա չի հաջողվել:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ի զրույցում ասաց. «Որպես գրանցված քաղաքական ուժ, քանի որ նոր է, համարենք դրական քայլ այն առումով, որ դաշտը տարվում է դեպի կառուցողական, կոնստրուկտիվ համագործակցություն: Որովհետև մենք կարիք ունենք հենց այս դաշտում համակարգելու իշխանություն-ընդդիմություն ձևաչափը: Եվ ընդդիմությունը պետք է կառուցողական լինի և որոշակի առումով ավելի ակտիվ՝ իշխանությանը տեղեկացնելով հանրության տրամադրությունների մասին»:

Այս առումով, եթե Նիկոլ Փաշինյանը հաջողի, ապա Հովհաննես Սահակյանը նրան կարող է ողջունել:

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ցանկացած քաղաքական ուժ պարտավոր է այդպիսի քարտեզ ունենալ:

Նա հատկանշական համարեց, մասնավորապես, նախատեսված այն քայլը, որ կուսակցությունում պետք է լինի ժողովրդավարություն, կոլեգիալ կառավարում և լիդերները փոփոխվեն՝ նկատելով, որ Հայաստանում, այդ թվում նաև՝ ընդդիմադիր կուսակցությունների մոտ դա լուրջ խնդիր է, քանի որ կուսակցությունները ձևավորվում են 20 տարի առաջ և միշտ նույն լիդերն են ունենում: 

«Որպեսզի կոլեգիալ այդ մարմինը ստեղծվի, պետք է մի քանի լիդերներ լինեն»,-ասաց նա և նշեց, որ եթե այդ կուսակցությունում միայն Նիկոլ Փաշինյանը լինի երևացող ֆիգուր և իր շուրջը նման լիդերի հատկություններ ունեցող գործիչներ չլինեն, ապա կրկին նույն խնդրի առաջ կկանգնեն և դժվար թե ռեալ փոփոխություն լինի:

«Շատ կարևորում եմ նաև ստվերային կառավարության ձևավորումը: Եթե ինքը կարողանա դա իրականացնել, ապա կարծում եմ՝ դա բավականին լուրջ հեղափոխական քայլ կլինի: Որքան հիշում եմ՝ վերջին 25 տարում բոլոր ընդդիմադիր կուսակցությունները խոսել են այդ մասին` մասնավորապես նախընտրական շրջանում, սակայն երբևիցե չեմ հիշում, որ անհատական կազմ լինի: Սա կարևոր քայլ է, քաղաքական տեխնոլոգիաների, PR-ի տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ ընտրազանգվածը պետք է հասկանա, թե որն է այսօրվա այլընտրանքը գործող իշխանություններին։

«Այլընտրանքը պետք  է անհատականացված լինի, որ իշխանափոխության դեպքում տհաճ անակնկալներ չլինեն»,-ասաց նա:

Որոշ ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներն էլ նշեցին, որ ծանոթ չեն քարտեզին, այդ թվում՝ Հիմնադիր խորհրդարանից Գարեգին Չուգասզյանը, «Հայ ազգային կոնգրեսից»` Արամ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել