Tert.am-ը գրում է.

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Գլխավոր դատախազին են ուղարկելու նամակ՝ հանցագործության մասին: Այս մասին Tert,.am-ի հետ զրույցում ասաց գործարանի  մամուլի քարտուղար  Անուշ Հարությունյանը:

«Նամակը հաղորդում է յուրացումների մասին և խոսքը 2006-ից սկսած մինչ օրս յուրացումների մասին է»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Նշենք, որ այսօր գործարանի կրճատված և մնացած աշխատակիցները վաղ առավոտից նախագահականի մոտից երթով շարժվեցին Ազգային ժողով` «Պարտքի մարում» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին գործարանի աշխատակիցները` մեկ տարվա աշխատավարձի պարտքով ազատվեցին աշխատանքից:

Անուշ Հարությունյանը հայտնեց, որ վաղը ժամը 11-ին գործարանի աշխատակիցները հավաքվելու են գործարանի բակում:

Նաիրիտցիներին սատար կանգնելու համար ԱԺ ընդդիմադիր բազմաթիվ պատգամավորներ էին իջել` լսելու նրանց, այդ թվում` ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ, որոնցից Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց` ուժեղացել  բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումները, որպեսզի վերջիններիս  աջակիցների թիվը շատանա: 

Նրանց մոտ իջավ նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` ասելով.«Շատ հաճելի է, Վարդան Այվազյան»: Նախքան այդ ցուցարարները վանկարկում էին` «Այվազյան, դուրս արի», «Այվազյան, արի, պատասխան տուր»:

Հընթացս որոշվեց, որ վաղը նաիրիտցիներն իրենց հուզող հարցերը գրավոր կներկայացնեն ԱԺ «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողով:

Հիշեցնենք,որ «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրություն սկսեց գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել