Վերջին մի քանի օրերին մամուլը սենսացիա սոուսի տակ ներկայացրեց ու հնարավորինս ծամծմեց այն տեղեկությունները, որ թե ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը), թե ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (պիվի Հակոբը) հարկային մարմինների կողմից բավականին կլորիկ գումարով տուգանվել են` հարկերից խուսափելու համար:

Ըստ այդմ, հարկային մարմինները 60 մլն դրամով տուգանել են Ա.Աղաբաբյանին, բայց վերջինս չի հանձնվում ու դիմել է դատարան` վիճարկելու սույն «անարդար» որոշումը, իսկ Հ.Հակոբյանին տուգանել են 1.5 միլիոն դոլարով, և նա նույնպես դիմել է դատարան: Հետաքրքիր հանգուցալուծում այս պատմությունները կունենան, թե ոչ` այլ հարց է, բայց հստակ կարող ենք ասել, որ հետաքրքիր է հենց իրավիճակը, մանավանդ վերջին զարգացումների ֆոնին:

Հիշեցնենք` ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի մասով հանրությանը ներկայացրեց ողջ ճշմարտությունը` հարկերից խուսափել, կեղծ բարեգործություն, քաղաքականությունից հեռու գտնվել և այլն և երբ հանձնարարեց հարկային մարմիններին ստուգել շրջանառվող լուրերն այն մասին, թե տարիներ շարունակ ԲՀԿ արդեն նախկին ղեկավարը թաքցրել է հարկերը, շատերը, որպես քննադատություն, հայտարարում էին, որ ՀՀԿ առաջնորդի շրջապատում էլ կան շատ ու շատ գործարարներ, որոնք հարկեր չեն վճարում:

Ասել է թե` ինչո՞ւ գող յուրայինների ձեռքը չեք բռնում: Եվ ահա մեկ ամիս էլ չանցած տեղեկանում ենք, որ այսպես ասած յուրայիններից գոնե երկուսը` Ա.Աղաբաբյանն ու Հ.Հակոբյանը, հարկային մարմինների ուշադրության կենտրոնում են, ավելին` հստակ մատնանշվում է, թե նրանցից յուրաքանչյուրը որքան է թաքցրել: Թե դատարանում կվիճարկեն-չեն վիճարկի մի բան է, բայց կարելի է ասել, նախ, որ երկու այս գործարար-պատգամավորների խնդիրը մեկ օրում չէ, որ ի հայտ է եկել ու կարելի է ենթադրել նույնիսկ, որ նախքան ծառուկյանական էպոպեյան, և երկրորդ` սա իսկապես նախադեպային իրավիճակ է ստեղծում:

Նշված գործարարներն այսբերգի այն երևացող մասն են, ում ճանաչում է հանրությունը ու ում մասին սիրում է խոսել: Բայց, անշուշտ, կան այնպիսինները, որոնք կրում են ՀՀԿ կրծքանշանը և նույնպես տուգանվում են, այսինքն կարևոր չի` Ծառուկյանն ես, թե նրա շրջապատից ես, որն այսօր քաղաքականապես օպալայում է հայտնվել:

Պետությունը կարծես փորձում է գնալ այն ճանապարհով` հավասարության նշան դնելով բոլորի միջև, որով եթե ավելի վաղ գնացած լիներ, ապա այսօր մենք ամենևին էլ սենսացիա չէինք համարի նման տեղեկությունները, որ ՀՀԿ-ական այս կամ այն գործարարին տուգանել են: 
Դա կլիներ նորմալ իրավիճակ, որը շատ լավ ներկայացված է հայտնի ֆիլմում` «украл, выпил – в тюрьму»: Այնպես որ սպասենք զարգացումների ու նորանոր անունների` ակնկալելով, որ օրենքի գերակայությունն իսկապես ավելին կլինի, քան կուսակցական կրծքանշանի ուժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել