Փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հայտարարությամբ կառավարության և նախագահ Էրդողանի միջև առկա յուրատեսակ հակասություններն ավելի պարզ կերպով ջրի երես ելան, ինչը ցնցեց ողջ ներքաղաքական կյանքը: Հակասությունները վերաբերում են քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացի նկատմամբ կառավարության ու նախագահի մոտեցումներին: Նախ, Էրդողանը դեմ էր արտահայտվել քրդական հիմնախնդրի կարգավորման ու բանակցությունների հետ կապված Դիտորդական խմբի ստեղծման կառավարության նախաձեռնությանը և խիստ քննադատել կառավարության մի քանի անդամների` Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմանն ու բանակցությունների արդյունքում հրապարակված առաջարկ-փաթեթին: Փոխվարչապետ Բ. Արընչն էլ, խիստ քննադատելով Էրդողանի` կառավարության դեմ հնչեցված մոտեցումները, դրանք որակել էր որպես նախագահի կողմից միջամտություն կառավարության քայլերին: Նա Էրդողանի քննադատոական մոտեցումներն անընդունելի էր համարել և կոչ էր արել նախագահին զերծ մնալ կառավարության գործերին իր լիազորություններից դուրս միջամտություններից: Նախ, այս զարգացումները կարելի է դիտարկել երկու տեսանկյունից` նախընտրական և համակարգային: Չի բացառվում, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին կատարված լինի դերերի բաշխում` թուրքական հասարակության համար զգայուն հիմնախնդրի նկատմամբ հասարակական ընկալումներն ավելի ուղղորդված ձևով կառավարելու համար: Համակարգային առումով հնարավոր է, որ հակասությունները նախագահի և կառավարության միջև, այդուհանդերձ, կան և դրանք կարող են խորանալ ոչ միայն քրդական հիմնախնդրի կարգավորման հարցում. վերջին շրջանում որոշ գործընթացներ ի ցույց էին դնում առկա հակասությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել