Զարմանալի ազգ ենք... Շատ լավն ենք, նվիրված ենք, հավատարիմ, զգացմունքային. շատ եմ սիրում մեզ: Բայց մի գիծ ունենք, որ չեմ կարողանում հասկանալ, որքան էլ փորձում եմ... Նախաձեռնում ենք մի լավ բան՝ բարեգործություն, օգնություն որևէ մեկին, գեղեցիկ ինչ-որ միջոցառում, բայց անպայման վերջում այնպես ենք անում, որ ամեն լավ բան կորցնում է իր իմաստը... Խոսքս հետևյալի մասին է՝ մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալու է հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղ, որի ժամանակ կհանդիպեն ֆուտբոլային ավագ սերնդի հայտնի աստղերը` ԽՍՀՄ հավաքականի վետերաններն ու Աշխարհի ընտրանին: Խաղը բարեգործական է լինելու, և տոմսերի շահույթից ստացված ողջ գումարը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամին: Այս ամենը շատ գեղեցիկ է, շատ լավ է, և մենք՝ ֆուտբոլասերներս էլ անհամբերությամբ ենք սպասում այս խաղին՝ վստահ լինելով, որ գեղեցիկ հանդիպման ենք ականատես լինելու: Մեր տանը ֆուտբոլ սիրում ու նայում են բոլորը, և այս խաղին մեկ այլ ոգևորությամբ էինք սպասում: Դրա համար հայրիկս այսօր առավոտյան ոգևորված գնաց տոմս գնելու, որ խաղն անպայման մարզադաշտից դիտենք: Վերադարձավ ձեռնունայն... Զայրացած էր... Չէ, ամեն ինչ լավ է մտածված, լավ միտք է, լավ միջոցառում, բայց դե մենք ինչպե՞ս կարող ենք չփչացնել լավ գաղափարը: Պարզվեց, որ հիմա վաճառքում կան միայն հարավային և հյուսիսային տրիբունաների տեղերի տոմսեր, ընդ որում՝ արևմտյան կամ արևելյան տրիբունաների տոմսերի գնով: Հարց՝ արևելյան կամ արևմտյան տրիբունաների տոմս չունե՞ք: Պատասխան՝ չենք վաճառում (դեռ): Այլ հարցեր տալն ավելորդ կլիներ, քանի որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատավում՝ այդ տրիբունաների տոմսերը պահվում են, որպեսզի վաճառվեն հենց խաղի օրը և բնականաբար՝ ավելի թանկ գնով: Հարց է ծագում՝ ո՞ւր է նայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչո՞ւ գոնե նման բարեգործական նպատակներով խաղերի տոմսերի վաճառքին խստորեն չի հետևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել