Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում փորձագետ Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ եթե հայկական կողմը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, ապա Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ այն վերջ դնելու համար, մանավանդ որ գիտի, որ կան երկրներ, որոնք ոչինչ չեն ասի, եթե ինքը դա անի: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, եթե նախկինում Ադրբեջանը գոնե ձևականորեն, կոնցեպտուալ առումով համաձայն էր Մադրիդյան առաջարկներին, ապա այժմ՝ ոչ, ինչը հասկացնել է տալիս:

-Պարո՛ն Սաֆարյան, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ները համատեղ հայտարարել են, որ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում: Համամի՞տ եք:

-Կա նման բան, բայց դա միակը չէ, մենք պիտի հասկանանք, որ Ադրբեջանի կողմից հետապնդվող նպատակները մեկը չէ: Բայց, այո, դրանցից մեկը բանակցային գործընթացի վերսկսում թույլ չտալն է, և այստեղ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են:

-Տարին սկսվեց շատ ակտիվ գործողություններով, տասնյակից ավելի զոհեր մեր կողմից, ապա մոտ մեկուկես ամիս դադար էր։ Ձեր կարծիքով սա հետևողական, «կաթիլով քար ծակելու» քաղաքականությո՞ւն է՝ հենց  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:

-Ես ստիպված եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ մինչ այժմ: Առաջին. Ադրբեջանը ուզում է հասկացնել Հայաստանին, որ անընդհատ զոհեր է ունենալու, քանի դեռ, ինչպես Ալիևն է ասում՝ հայկական զորքերը դուրս չեն բերված Ղարաբաղից: Երկրորդ. Ադրբեջանն այս ամեն ինչն անում է հիմա՝ ապրիլի 24-ին ընդառաջ, քանի որ Ալիևն Էրդողանին ասել է, որ կօգնի Հայոց ցեղասպանության արշավը թուլացնելու և ստվերելու հարցում՝ ոչ միայն լոբբիսական կառույցների օգնությամբ: Մենք հաճախ ենք չէ՞ տեսնում, որ այս կամ այն մայրաքաղաքում ադրբեջանցիներն ու թուրքերը միասին դուրս են գալիս փողոց և ասում, որ հայերը սուտ են ասում, հայերը կեղծում եմ պատմությունը, հայերը զրպարտում են թուրքերին: Այսինքն՝ այս ռազմական սադրանքները Ադրբեջանն անում է, որ մենք ավելի շատ զբաղվենք դրանով, քան՝ Ցեղասպանության խնդրով: Եվ երրորդ՝ չի ուզում, որ բանակցությունները վերսկսվեն, քանի որ պատրաստ չէ սեղանին դրված տարբերակներին: Մադրիդյան սկզբունքներին այլևս ձեռնտու չէ համաձայնելը, և նաև գիտակցում է, որ  երբ ինքը խոչընդոտում է այդ գործընթացին, դրանից գոհ է նաև Ռուսաստանը: Այնպես որ, լիքը նպատակներ կան, և Ադրբեջանը շատ կեղտոտ և հեռուն գնացող քաղաքականություն է  վարում: Եվ եթե մենք խոսում ենք ընդամենը մեկ նպատակի մասին, դա նշանակում է, որ մենք չենք պատկերացնում, որի պատճառով էլ չենք կարողանում զսպել Ադրբեջանին:

-Նախ, ճշգրտենք՝ սեղանին դրված տարբերակներին, այնպես էլ չէ, որ Ադրբեջանը նախկինում համաձայնում էր, հետևաբար՝ ի՞նչ է նշանում՝ այլևս համաձայն չէ։

-Արդեն քանի տարի է՝ Ադրբեջանի հռետորաբանությունն այնպիսին է, որ ակնհայտ է, որ նա պատրաստ չէ Մադրիդյան առաջարկներին՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, կամ՝ կարգավիճակ չգիտեմ ինչի դիմաց..., ժամանակացույցերի հետ չէին համաձայնում, եթե քննարկվում էր
տարածքներ վերադարձնելու հարցը, ասում էին՝ թող Հայաստանը բոլորից դուրս գա....այս ամենին Ադրբեջանն այլևս պատրաստ չէ: Ալիևը չի կարող դավաճանել իր հասարակությանը, Ալիևն իր հասարակությանն ասել է՝ ամբողջն եմ հետ բերելու, Զանգեզուրն էլ հետը: Եվ Մադրիդյան առաջարկներին բոլոր կողմերը համաձայնություն տալիս էին, ասում էին՝ կոնցեպտուալ  համաձայն  ենք, սրա հիմքի վրա բանակցենք, բայց դետալների հարցում համաձայն չենք: Իսկ այժմ Ադրբեջանը հասկացնում է, որ դրան էլ համաձայն չէ:

-Ձեր ասածից դատելով՝ կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը հիմա բանակցային սեղանին լրիվ մաքսիմալիստական կեցվածք ունի:

- Այո, առավելապաշտական մոտեցման կողմնակից է, սա սկսվել է արդեն մի քանի տարի, բայց վերջին երկու-երեք տարիների շատ ավելի նկատելի է:  Միջազգային հանրությունը սա տեսնում է, բայց Ադրբեջանն այս մասին երբեք չէր խոսում և դրա համար տակտիկական հնարքներով մեղքը գցում է Հայաստանի վրա:

-Այսինքն՝ միջնորդները հասկանում են, որ մի քիչ էլ, ու այլևս պատերազմն անխուսափելի է՞:

-Դրա համար էլ փորձում են իրավիճակը կառավարելի պահել, քան լուծումներ տալ: Ես խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանի սպառազինությունների մակարդակի վերաբերյալ  շվեյցարական մասնագիտական կամ աշխարհի այլ հեղինակավոր կենտրոնների զեկույցները նոր լարվածության տարրեր են կանխատեսում այս տարվա ընթացքում: Ամեն մեկը խնդրին նայել է իր տեսանկյունից և եկել հետևության, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակներից:

-Լարվածության աճն ամեն դեպքում պատերազմ չէ, Ձեր կարծիքով՝ արդեն կանխատեսվո՞ւմ է պատերազմ:

-Այս պահի դրությամբ որևէ մեկը չի կարող ասել, պաշտպանության նախարարն ասել է, և ես էլ եմ համակարծիք, որ խոսքը այնքան էլ լայնամասշտաբ գործողությունների մասին չէ։ Բայց այն, ինչ կարող է սկսվել, դրա մասշտաբներն ու կորուստները կարող են հսկայական լինել կողմերի համար՝ նկատի ունենալով, թե ինչ սպառազինությունների են տիրապետում:

-Այսպիսով, կարելի՞ է ասել, որ մեզ ստատուս քվոն բավարարում է, նրանց՝ այլևս ոչ:

-Միանշանակ, նրանց իրենց առջև շատ հստակ նպատակ են դրել վերջ տալ ստատուս քվոյին: Եվ փորձում են այս առումով բավարարել այն երկրների շահերը, որոնք նույնպես շահագրգռված են ստատուս քվոյի խաթարմամբ: Կամ ավելի ճիշտ՝ այն երկրների, որոնք ոչինչ չեն ասի, եթե Ադրբեջանը խախտի ստատուս քվոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել