Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 «կողմ», 0 «դեմ» 1 «ձեռնպահ» քվեարկությամբ:

Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, թե խմբակցությունը հորդորում է նախագծի հեղինակին ողջամիտ ժամկետով հետաձգել նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցը, քանի որ իրավական առումով ճշգրտումների կարիք կա:

«Եթե չհամաձայնի, մենք կքվեարկենք կողմ, որպեսզի նախագիծը մեծ օրակարգ մտնի՝ այդուհանդերձ աշխատելով ճշգրտումներ մտցնել հայտարարության տեսքի համար»,-ասաց նա: 

Փոստանջյանը պնդեց, որ նախագծի քննարկումն ԱԺ-ում անհրաժեշտ է, քանի որ ՀՀ քաղաքացիները պետք է ստանան այն պատասխանները, որ Պերմյակովը անօրեն որոշումների հիման վրա գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ էլ ասել են, որ պաշտպանում են այս նախագիծը , սակայն կոչ են անում հետաձգել՝ ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար:

«ԱԺ-ն չպիտի ձեռքերը ծալած նստի ու պետք է որպես քաղաքական մարմին իր դիրքորոշումը հայտնի»,-ասաց նա։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրավաբանական առումով նախագիծը շատ թերի է. ամեն դեպքում ՀԱԿ-ը կողմ կքվեարկի այս հարցադրումը օրակարգում ընդգրկվելուն, սակայն պետք է այն լայն կոնտեքստի մեջ քննարկվի:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ նախագիծը օրակարգում չընդգրկելը նմանվում է երկչոտության: Ըստ նրա, ԱԺ-ն հենց նման հարցերը քննարկելու համար է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ սա այն հարցն է, որին պետք է Ազգային ժողովն անպայման արձագանքի ու կրկին քննարկում կազմակերպի:

Նույն խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ օրեր առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր ռուսական զենքի վաճառքի մասին՝ նշելով, որ հայ զինվորի համար ծանր է, երբ ռուսական զենք են օգտագործում իր դեմ:

«Իսկ գիտե՞ք, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը գալիս է ու սպանում հայ քաղաքացիներին»,-ասաց նա։

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, որ սա այն քիչ դեպքերից է, երբ պետք է հստակ որպես պահանջատեր հանդես գալ:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք կողմ են բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնել ԱԺ-ում, հետևաբար իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ բոլորի համար էլ պետք է ուղեցույց լինի, որ երբ օրենսդրական կարգով են հանդես գալիս, պետք է պատշաճ ուղեցույց լինի, այսինքն՝ պետք է առնվազն քննարկել խմբակցությունների, նրանց ղեկավարների հետ։

«Պետք չէ գալ նստել ու բարիդրացիական հարաբերություններ ստեղծել եսիմ ում հետ»,-ասաց նա և առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ տարով:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այս հարցը գտնվում է իրավական հարթության մեջ, դրա վերաբերյալ եղել են լսումներ, և այժմ ցանկություն չկա մասնակից դառնալ անհիմն քաղաքական շահարկումներին: ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել այս քվեարկությանը:

Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ իր նամակին ի պատասխան ՌԴ-ից ասել են, որ Վալերի Պերմյակովին չեն պատրաստվում փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին նկատեց, թե իսկապես անթույլատրելի է շահարկումների ենթարկել ծանր ողբերգությունը և Զարուհի Փոստանջյանին հուշեց, որ տարրական իրավաբանական գիտելիքներ են պետք, որպեսզի հասկանալ, որ ՀՀ-ի անունից այլ երկրի գործընկերներին կարող է նամակով պաշտոնապես դիմել միայն Գլխավոր դատախազը, ոչ որևէ պատգամավոր:  

Նշենք, որ «Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը ԱԺ օրակարգ
մտնելը մերժել էր նաև ԱԺ պետաիրավական  հանձնաժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել