Tert.am-ը գրում է.

Մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի և Եվրոպական միության միջև հնարավոր է ստորագրվի որևէ քաղաքական փաստաթուղթ, բայց դրան կարող է խանգարել երկու գործոն՝ տեխնիկապես ոչ պատրաստ լինելը և սրված հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրոպայի միջև: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանում փաստաթուղթ ստորագրելու որոշում ունի և ներկայումս աշխատանք է տանում դրա մշակման ուղղությամբ:

«Իհարկե հնարավոր է, որ ստորագրի, բայց դա չի նշանակում, որ դա անպայման տեղի կունենա, որովհետև այս փաստաթղթում առաջին հերթին շատ աշխատանք է պետք կատարել՝ թե՛ տեխնիկական, թե՛ քաղաքական առումով: Այդ աշխատանքը հիմա, իհարկե, արվում է, բայց այն շատ է և լուրջ մոտեցում է պահանջում»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև համոզմունքը հայտնեց, որ այդ փաստաթղթի դրույթները Հայաստանը ներկայումս համաձայնեցնում է ոչ միայն ԵՄ գործընկերների, այլ նաև ռուսների հետ:

«Այսինքն, նման դեպքերում միշտ խաչաձև համաձայնեցման գործընթաց է սկսվում: Ամեն դեպքում այս հարցի հետ կապված կարծես դեռևս խոչընդոտներ չկան և շատ հավանական է, որ ստորագրումը տեղի կունենա: Բայց մենք բոլորս ապրում են իրական աշխարհում, որտեղ ամեն ինչ փոփոխական է և ցանկացած պահի կարող են խոչընդոտներ առաջանալ և դժվարացնել փաստաթղթի ստորագրումը: Հիշում եք երևի, որ նման իրավիճակ առաջացավ Վիլնյուսի գագաթնաժողովին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ԵՄ պաշտոնյաններն ավելի հաճախ են սկսել խոսել այդ փաստաթղթի մասին, ինչո՞ւմն է շահագրգռվածությունը, քաղաքագետը պատասխանեց, թե միայն հիմա չէ, ԵՄ-ն ստեղծել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի մեջ ընդգրկված է նաև Հայաստանը:

«Պետք է հաշվի առնել մի բան. Հայաստանն ընդհանրապես տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Ռուսաստանի համար: Մենք ո՛չ Ղազախստան ենք, ո՛չ Ուկրաինա, ո՛չ էլ նույնիսկ Բելառուս: Ընդհանրապես Արևելյան գործընկերության ծրագրով ԵՄ-ի հետաքրքրությունն է՝ շարունակել համագործակցությունը և հենց այստեղ է, որ համընկանում են Եվրոպայի ու Հայաստանի հետաքրքրությունները»,– ընդգծեց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2013թ-ի սեպտեմբերից հետո, երբ Հայաստանը որոշեց անդամակցել ԵՏՄ-ին, իր հետաքրքրությունների շրջանակը ակամա նեղացել է ԵՄ սահմաններում, սակայն բնական է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:

«Ո՛չ Հայաստանը շահագրգռվածություն ունի կորցնելու Եվրոպային և դադարեցնելու համագործակցութունը, ո՛չ Եվրոպան պահանջ ունի վերածել Հայաստանին Բելառուսի:
Համապատասխանաբար, շարունակվում է փորձերը՝ համագործակցել այն ոլորտներում, որտեղ հնարավոր է: Ի դեպ, օգնությունը, որը տրամադրվում է Հայաստանին վերջին շրջանում ավելացել է: Այսինքն՝ երկուստեք կան հետաքրքրություններ»
,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ վերջինս մտահոգություն հայտնեց ՌԴ-ի Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ, որքանով կապ ունի ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու հետ, Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ մեկը մյուսին չեն հակասում, քանի որ ԵՄ-ն չի կարող ապահովել անվտանգություն:


«ԵՄ-ի անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն տնտեսական-քաղաքական կառույց է, համապատասխանաբար այս ոլորտների բարեփոխումների համար Հայաստանը աշխատում է Եվրոպայի հետ: Վերցնել բարեփոխումների արժեքները Ղազախստանից կամ Բելառուսից ու Ռուսաստանից, ծիծաղելի կլիներ: Սակայն էներգետիկ ու անվտանգության հարցերով Հայաստանն աշխատում է Ռուսաստանի հետ: Հիմա բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է համագործակցենք մեկի կամ մյուսի հետ, մեկը մյուսին չեն հակասում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել