Գիւմրիում 1975 թուականին տեղադրուեց քանդակագործ Արա Սարգսեանի՝ Մայր Հայաստան արձանը: Ասում են՝ այն յատուկ է կանգնեցուել Հայաստանի 2-րդ մայրաքաղաքում՝ հայ-թուրքական սահմանին, որովհետեւ սահմանի հակառակ կողմից արձանը հրէշ է յիշեցնում:
Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Սպենդիարեանի, Նելսոն Ստեփանեանի եւ բազմաթիւ այլ արձանների ու քանդակների հեղինակ Արա Սարգսեանն իր հսկայական ժառանգութիւնից բացի հպարտանալու այլ առիթ եւս ունէր: Նրա ներդրումը մեծ է Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած երիտթուրք պարագլուխների նկատմամբ իրականացրած դատավճռի՝ «Նեմեսիս» գործողութեան իրականացման մէջ: Բայց ի տարբերութիւն «Նեմեսիս»ի միւս՝ հերոսացած մասնակիցներին, Խորհրդային Հայաստանում բնակուող Արա Սարգսեանի անունը գաղտնի էր պահւում: Նա ստիպուած էր թաքցնել իր հերոսութիւնը:
Երեւանում՝ Պուշկինի փողոցի աննկատ հատուածում քանդակագործ Արա Սարգսեանի տուն-թանգարանն է: Թանգարանի նման շատերի համար աննկատ ու անյայտ են նաեւ մեծ քանդակագործի կեանքի կարեւոր որոշ էջեր: Հայաստանի եւ աշխարհի տարբեր թանգարաններում պահուող նրա գործերը, տարբեր քաղաքներում տեղադրուած արձաններն անմահացրել են Արա Սարգսեանի անունը: Բայց նրա ազգային ընդյատակեայ գործունէութեան մասին խօսուեց միայն Հայաստանի անկախացումից յետոյ:
1919ին ՀՅԴն որոշում է ի կատար ածել հայերի կոտորածները ծրագրած եւ իրականացրած երիտթուրքական ղեկավարների նկատմամբ դատավճիռը: 6 լեզուի գերազանց տիրապետող Արա Սարգսեանը ներգրաւուում է «Նեմեսիս» գործողութիւն մէջ, նպաստում եւրոպական երկրներում թաքնուած թուրք ղեկավարների յայտնաբերմանը:
«Նրանք նստում էին մարդաշատ վայրերում, ետեւում էին թուրքերին, որոնք կերպարանափոխուած էին: Թուրքերէն, գերմաներէն, իտալերէն գերազանց իմացող Արա Սարգսեանը յայտնաբերում էր նրանց, կանչում էին Շիրակեանին, եւ նա էդ գործն անում էր», պատմում է Արա Սարգսեանի տուն-թանգարանի տնօրէն թոռնուհին՝ Աննա Սարգսեանը:
Վիեննայում սովորելու տարիներին Արա Սարգսեանը հէնց այս նպատակով էր Գերմանիա գործուղւում եւ ոչ թէ՝ թանգարաններ ուսումնասիրելու, ինչպէս կարծում էին: «Նեմեսիս» գործողութեան հետ կապուած նամակներն ու գումարները գալիս էին նրա անձնական փոստին: Վրիժառուներին փնտռելիս՝ որեւէ մէկը չէր մտածում երիտասարդ տաղանդաւոր քանդակագործի մասին:
Եւրոպայում սովորելուց յետոյ Արա Սարգսեանը լուրջ երկընտրանքի առջեւ էր կանգնած՝ շարունակե՞լ ազատ ստեղծագործել ու ապրել արտերկրում, թէ տեղափոխուել հայրենիք՝ Խորհրդային Հայաստան: Նա ընտրեց վերադարձի տարբերակը: Ի հարկէ, մինչ այդ խնդրեց, որ Դաշնակցութիւնը գործողութեան մասնակիցների ցուցակից հանի իր անունը:
Թաքցրեց նաեւ ակտիւ դաշնակցական եղբօր գոյութիւնը: Խորհրդային Հայաստանում Արա Սարգսեանը հիմնում է Նկարիչների միութիւնը, Գեղարուեստա-թատերական ինստիտուտը, որը ղեկավարում է մինչեւ Բրիւսելում համաշխարհային էքսպոյին մասնակցելը:
«59 թուականին գնում է Բրիւսել, հանդիպում է եղբօրն ու նրա կնոջը: Յետոյ սկսւում են նրա նկատմամբ հետապնդումները», ասում է Աննա Սարգսեանը:
Արա Սարգսեանը յայտնւում է իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում: Ցեղասպանութեանը, իր ժողովրդի տառապանքներին քանդակագործը շարունակում էր անդրադառնալ՝ դրանց ոչ թեմատիկ վերնագրեր տալով կամ քօղարկելով այլ դետալներով: Հայրենական պատերազմին նուիրուած այս քանդակն իրականում ներկայացնում է Տիրամօր ողբը, բայց շեղելու համար Քրիստոսին քանդակել է երկարաճիտ կօշիկներով ու զէնքը ձեռքին: Քօղարկուած իմաստ ունի նաեւ նրա յայտնի Մայր Հայաստան արձանը Գիւմրիում:
«Մայր Հայաստանը մեր հայ Նեմեսիդան է՝ հին յունական վրէժի, հատուցման աստուածուհին: Քանդակը տեղադրուած է Գիւմրիում՝ հայ-թուրքական սահմանին եւ հակառակ կողմից որ նայում էք, ես ինքս եմ գնացել, նայել, կարծես՝ նստած հրէշ լինի», ասում է Աննա Սարգսեանը:
60ական թուականներին «Նեմեսիս» գործողութեան մասնակիցները դուրս են գալիս ընդյատակից, Եւրոպայում եւ Ամերիկայում նրանց մասին խօսում են իբրեւ հերոսների: Իսկ Արա Սարգսեանի մասին շարունակում են յիշատակել միան անուան Ա.Ս. սկզբնատառերով: Նոյնիսկ ընտանիքը չգիտէր նրա գործունէութեան մասին, միայն որդուն էր յայտնել:
1969 թուականին Արա Սարգսեանը կոտրում է ոտքն ու տեղափոխւում հիւանդանոց: Այդ ընթացքում Ամերիկայից Հայաստան է գալիս դաշնակահարուհի Լիւսի Իշխանեանն ու փոխանցում Արշալոյս Շիրակեանի՝ «Կտակն էր նահատակներուն» յուշագրութիւնը՝ «Նեմեսիս» օպերացիայի մասին: Հաւանաբար զգալով, որ իրականութիւնը շուտով կը բացայայտուի, քանդակագործն անմիջապէս գրում է իր կտակը՝ պահանջելով մահից յետոյ անպայման դիահերձել իրեն: Մի քանի օր անց նա մահանում է: Կտակը կատարում են, բայց նրա մահուան իրական պատճառը, ըստ հարազատների, մինչ օրս յայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել