Tert.am-ը գրում է․

Գրիպի դեպքում հակաբակտերիալ դեղերը բացարձակ որևէ դերակատարություն չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Հակաբակտերիալն աշխատում է մանրեի դեմ, իսկ գրիպի հարուցիչները հիմնականում շնչառական  վիրուսներ են,  իսկ հակաշնչառական վիրուսների դեմ պետք է պայքարել հակավիրուսային դեղամիջոցներով, ո՛չ թե հակամանրէային, դրանք տարբեր են»,-ասաց նա և նշեց, որ հակամանրէային բուժումը կիրառվում է այն դեպքում, երբ բարդացած դեպք է:

Լիանա Թորոսյանը կոչ արեց միայն  բժշկի հորդորից հետ ընդունել հակաբակտերիալ դեղեր, քանի որ դրանց անհարկի օգտագործումը կարող է նաև  ճնշել աղիների նորմալ միկրոֆլորան, և դրանից առաջանան ավելի լուրջ բարդություններ: «Ինքնանշանակումը, ինքնաբուժումը պետք է բացառել»,-ասաց նա և նշեց, որ շատ են հանդիպում հակաբակտերիալ դեղեր անհարկի օգտագործման դեպքեր՝ բարկամների, հարազատների, դեղատան աշխատակցի հորդորով:

«Բոլորս այսօր դարձել ենք բժիշկ և նշանակում ենք բարձր դոզաներով հակաբակտերիալ դեղեր, դրանով բարդացնում ենք հիվանդի վիճակը»,-ասաց նա և նշեց, որ պետք է հասկանալ` ինչ հարուցիչ է, և այդ հիմքով նպատակային հակաբակտերիալ դեղ նշանակել:

Նա նաև նկատեց, որ շատ կան մայրեր, որոնք անհարկի ցանկանում են երեխաներին դեղորայք տալ, անկախ նրանից՝ կարելի՞ է, ցուցվա՞ծ է, թե՞ ոչ: «Դեղորայքը կոնֆետ չէ»,-ասաց նա:
Լիանա Թորոսյանը նաև կոչ արեց, որ երբ բժիշկը նշանակում է հակաբակտերիալ դեղեր, մեկ կամ երկու հաբից հետո, եթե նույնիսկ դրական միտում է նկատվում, չդադարեցնել դրա ընդունումը:  «Հակաբակտերիալ դեղերի ամբողջական կուրսը պետք է պահպանել»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել