Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստանի»  Ապարանի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը ծիծաղելի է համարում համայնքների խոշորացման ծրագիրը, իսկ դրան նպատակաուղղվելիք  գումարների ծախսումն էլ համարում է գումարների անիմաստ վատնում:

«Նման խոշորացման ձևն ինձ համար անընդունելի է, ու ո՛չ միայն ինձ համար, բոլոր գյուղացիներն էլ դա են ասում: Եվ ես չեմ կարծում, որ այսօր կարելի է նման բաների վրա գումար ծախսել … եթե հանրաքվե է լինում, փող է ծախսվում, որի արդյունքները իրավաբանական ուժ չունեն, իմաստը ո՞րն է:  Թող մի պանիր սարքող սարք բերեն գյուղ, կաթ մթերող մի սարքավորում »,- Tert.am-ին ասաց Լյովա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, նշել էր,   որ դա համայնքների բնակիչներին բերելու է բազում անհարմարություններ, որոնք լինելու են ամեն օր, ամեն ժամ: Իսկ եթե մի բան ամեն օր է լինում, դա արդեն կյանքի որակի վատթարացում է: Նա նշեց, որ աշխարհի որևէ նորմալ երկրում մի քանի տարին մեկ վարչական ներքին սահմաններ չեն փոփոխում, քանի որ գոյություն ունեն պատմականորեն ձևավորված ներհամայնքնային կապեր և հարաբերություններ:

Լյովա Խաչատրյանը նկատեց.«Չեմ կարծում, որ որևէ համայնքի բնակիչ կհամաձայնի միանալ որևէ այլ համայնքի»:

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը տեղեկացրել էր, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Ապարանի տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետև ճաշել են, և քանի որ  հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը կիսվելու օրվա հետ, իսկ հայկական ավանդույթի համաձայն՝  այդ օրը գաթա են թխում՝ մեջը դնելով մետաղադրամ, մետաղադրամով կտորը բաժին է հասել ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմին: Վերջինս էլ ասել է, որ երբ կատարվի իր երազանքը, ինքը նորից կգա Հայաստան, այդ նույն տանը կպատմի երազանքի մասին, և իրենք կնշեն այդ իրադարձությունը»,–գրում է թերթը։

Ի պատասխան հարցի, թե  Ապարանում ֆուրշեթնե՞ր եք կազմակերպում, Լյովա Խաչատրյանն ասաց` «բա ի՞նչ անենք», ապա ավելացրեց. «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը հիշու՞մ եք, որ ասում է` ծննդյան օրն իսկական չէ, բայց մնացած  ամեն ինչն իսկական է, ակադեմիկոսն էլ իսկական, դոկտորն էլ, էսօրվա պիկնիկն էլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել