Tert.am-ը գրում է.

Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարի մասին՝ նկատեց, թե պետք չէ հույս ունենալ, որ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որևէ փաստաթուղթ կստորագրվի: «Ռիգայի գագաթաժողովին մենք կունենք հուշագրի կամ հռչակագրի տիպի ինչ-որ փաստաթուղթ, որը կուրվագծի անցումն իրավապայմանագրային հիմքին»,- ասաց նա: Ըստ Բեքարյանի՝ ակնկալվող փաստաթղթի  բովանդակությունն իր մեջ կներառի մինչ այդ բանակցված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ճնշող մեծամասնությունը, որն իր մեջ կպարունակի տնտեսական տարր, որը չի հակասի ԵՏՄ առաջ ունեցած պարտավորությունը:

-Պարո՛ն Բեքարյան, Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ըստ Ձեզ՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կստրագրվի որևէ փաստաթուղթ, և ընդհանրապես ակնկալվող  համաձայնագիրն ի՞նչ բովանդակությամբ կլինի:

-Երևի ճշգրտենք ինչ փաստաթղթի մասին է խոսքը, իմ կարծիքով Ռիգայի գագաթաժողովին մենք կունենք հուշագրի կամ հռչակագրի տիպի ինչ-որ փաստաթուղթ, որը կուրվագծի անցումն իրավապայմանագրային հիմքին, որն այս վերջին մոտ մեկ տարվա  ժամանակում կոնսուլտացիաների ընթացքում ձևավորվել է: Այսինքն՝ Ռիգայի գագաթաժողովից ակնկալել, որ մեր իրավապայմանագրային բազան  վերջնականապես կհստակեցվի՝ դժվար թե: Հաշվի առնելով Եվրոպական միության ընթացակարգերը, այս բոլոր եղած  բանակցությունների արդյունքները կներկայացվեն կողմերին, բանակցող թիմերը  դրա հիման վրա պետք է ստանան իրենց այդ մանդատը պայմանագիր կնքելու, որն էլ կգնա նոր իր ընթացակարգերով: Իսկ հաշվի առնելով այն, որ Ռիգայի գագաթաժողովի ժամկետը մոտ է, պետք չէ հույս ունենալ, որ  այդ ընթացակարգային փուլը կպտտվի և այդ ժամանակ կավարտվի՝ չէ՛, բայց կարող է տալ դրա ստարտը, և անգամ սահմանել ժամկետը:

-Եվրոպացիները  խոսում են, որ կլինի Ասոցացման համաձայնագրի  քաղաքական մասը, որոշակի շտկումներով, ավելացումներով և այլն, հայկական կողմից, թե կոնկրետ ինչ կլինի խուսափում են խոսել: Ի վերջո, ըստ Ձեզ, քաղաքական մա՞սն է միայն  բանակցությունների առանցքում:

-Ես այդքան էլ համամիտ չեմ, որ հայկական կողմից խուսափում են խոսել, մենք այստեղ  պետք է բանակցողներին և փորձագիտական  կարծիքը  իրարից տարբերենք: Բանակցողը  դրա մասին  չի խոսի, որովհետև ինքը, ըստ էության, կաշկանդված է հենց բանակցությամբ, իսկ փորձագիտական  մասը բավական առիթ ունեցել է այդ մասին խոսել, թե ակնկալիքն ինչ է: Ես իմ կարծիքը կարող եմ ասել. թե  ինչ անվանում կունենա բուն փաստաթուղթը, կարծում եմ երկրորդական է, իսկ բովանդակությունն իր մեջ կներառվի մինչ այդ բանակցված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ճնշող մեծամասնությունը և պետք է իր մեջ պարունակի տնտեսական էլեմենտ, որը չի լինի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, այլ կլինի ազատ առևտրի համաձայնագրի որոշակի  տրանսֆորմացիա՝ հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ առաջ ունեցած պարտավորությունը:

-ԵՄ ներկայացուցիչները նշում էին, որ քննարկման առանցքում քաղաքական մասն է և բաց կթողնվի տնտեսական մասը, մինչդեռ Ձեր նշած դեպքում Մաքսային միության հետ չե՞ն լինի արդյոք հակասող դրույթներ:

- Պետք է հստակ  հասկանալ, որ երկու տնտեսական միավորումները, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը և Մաքսային միությունը իրենց հիմքում ունեն  առևտրի համաշխարհային կազմակերպության նորմատիվային բազան: Բերո՞ւմ են տարբերություն, իհարկե բերում են, կա՞ն բախման  կետեր՝ կան, բայց այդտեղից չի հետևում, որ ամբողջը բախման ներքո է: Այսինքն՝ եթե  կոպիտ բալանսավորում փորձենք իրականացնել կա հստակ  հատված, որը ոչ մի բախում իրար հետ չունի, կա հստակ  հատված, որ բախում ունի, որը պետք է մարսել  գնահատել:

-Իսկ նույն փաստաթղթի քննարկման համար պե՞տք  է ներգրավել ԵՏՄ փորձագիտական խումբ: 

-Ինչ-որ պահի այո՛, կարող է  նման կարիք առաջանա՝ հաշվի առնելով այն վիճելի կտորները, որտեղ հստակ չէ հակադրման լինել չլինելը, այնպես որ բացառված չի:

-Իսկ չե՞ք բացառում արդյոք, որ կարող է լինել այն, ինչ եղավ սեպտեմբերի 3-ին, ԵՏՄ անդամակցելու որոշման մասին հայտարարությամբ, որը ենթադրվեց, թե արվել է ՌԴ-ի ճնշմամբ:

-Ձեր գնահատականի հետ ես վերապահում ունեմ, տեսեք, խոսում եք ճնշումների մասին, ես Ձեզ  պետք է հարցնեմ, թե Դուք ճնշում ասելով ինչ եք հասկանում և մի բառի տակ դնել այդ ամեն ինչն այդքան էլ բնական չէ: Նույն սեպտեմբերի 3-ը, եթե Դուք ճնշում եք գնահատում, ես ճնշում չեմ գնահատում՝ լինելով  ԵՄ ինտեգրման կառույցի ղեկավարը ՀՀ-ում արդեն 10 տարի: ՌԴ-ի կողմից եվրոպական ուղղության հետ կապված տեղյակ են, գիտեն, և  դա մեր կողմից չի թաքցվում: Անգամ սեպտեմբերի  3-ին հայտարարելով այն մասին, որ մենք  ԵՏՄ ենք մտնում, Նախագահի այդ  օրվա նույն հայտարարության մեջ կա երկրորդ հատվածը, որտեղ ասվեց, որ ԵՏՄ անդամակցությունը չի նշանակում, որ եվրոպական  ուղղությամբ մեր համագործակցությունը թուլացնելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել