Tert.am-ը գրում է.

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը փորձագիտական շրջանակները պայմանավորում են ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելությունը կանխելու նկատառումներով:

Tert.am-ի հետ զրույցում «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը չբացառեց վերը նշվածը։


«Չեմ բացառում, որ ինքը կարող է մինչև իսկ սպառնալ Պուտինին այն առումով, որ, այ, եթե գնաս (ապրիլի 24-ին՝ Հայաստան),  տնտեսական ինչ-որ միջոցների կդիմենք»,-ասաց նա։

Ըստ նրա՝ Թուրքիան իր հարաբերությունները տարբեր երկրների հետ կապում է նրանց՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Հայաստան այցելելու կամ չայցելելու հետ։

«Ատոմակայանի մասին մենք լուր չունենք պաշտոնապես, բայց, օրինակ, ավելի փոքր՝ 3.5-4 միլիարդանոց կոնտրակտներ կային, Չինաստանից հակաօդային պաշտպանության հրթիռներ գնելու, և Թուրքիան բացահայտ հայտարարեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ երկիրը կգնա Հայաստան, ինչից հետո մենք վերջնական որոշում կկայացնենք, թե ումից գնենք հրթիռները: Այսինքն, եթե իրենք այդ փոքր կոնտրակտները պայմանավորում են ապրիլի 24-ին Հայաստան այցելությամբ, շատ հնարավոր է, որ դա վերաբերի  Ռուսաստանի հետ մինչև 60 միլիարդի հասնող էներգետիկ պայմանագրերին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը՝ ներառյալ «Թուրքական հոսքը»՝ համաձայն Կրեմլի մամուլի ծառայության:

Իսկ «Անադոլու» գործակալության համաձայն՝ «Պուտինն ու Էրդողանը խոսել են 1915 թ. դեպքերի մասին»:

Արա Պապյանը Վլադիմիր Պուտինի Հայաստան գալու պաշտոնական հաղորդումների մեջ ինչ-որ հակասություններ է որսացել:

«Նախնականի մեջ ասվում էր, որ խոսեցին գալու մասին, հետո գնաց հաղորդագրություն, որ գալու է: Այնպես որ, սպասենք և տեսնենք: Տա Աստված, Պուտինը գա»,-ասաց նա։

Ամեն դեպքում, Արա Պապյանը շատ հնարավոր է համարում, որ վերջին պահին առողջական վիճակի կամ այլ պատճառաբանությամբ Վլադիմիր Պուտինը Հայաստան չայցելի և Երևան ուղարկի իր երկրի պաշտոնյաների պատվիրակության ամենատարբեր մակարդակներով:


Իսկ թե ի՞նչ է նշանակում այս մի փոքր տարօրինակ նախադասությունը, որ «խոսել են 1915թ. դեպքերի մասին». Արա Պապյանի կարծիքով՝ տարօրինակության պատճառն այն է, որ Ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական տեսակետը հենց դա է:

Այսինքն` պաշտոնական Թուրքիան չի օգտագործում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

«Բայց, ճիշտն ասած, անհանգստացնող պահ կա. երբ թուրքը սկսում է ռուսի հետ խոսել, ես միշտ անհանգստանում եմ: Ինձ թվում է՝ իրենք հերթական անգամ մեր հաշվին ինչ-որ պայմանավորվածության կարող են գալ: Աչքս, ինչպես ասում են, տեսածից է վախենում »,-ասաց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով  և դրան նախորդած բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվեց Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Թուրքիայի Նախագահը փորձած կլինի ՌԴ Նախագահին հորդորել, որ Հայաստան չգա, բայց կարծում է, որ դա նրան չի հաջողվել։

«Սա, կարծում եմ, Ռուսաստանի պարագայում անարդյունք է, որովհետև ռուս-թուրքական քաղաքական հարաբերությունները մի քիչ տարբերվում են ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններից»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Այսինքն, ըստ նրա, տնտեսական հարաբերությունները «մի կողմում» են, սակայն աշխարհաքաղաքական ու նաև ռազմական հարթության մեջ կողմերը ունեն որոշակի հակասություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել