Tert.am-ը գրում է.

Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Սաջադ Քարիմը Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ևս մեկ անգամ հաստատեց, թե իր այցի առաջին իսկ հանդիպումը եղել է ԵԱՀԿ դեսպանի հետ, որի ժամանակ հաստատել են, որ բացարձակապես հանձնառու են` սատարելու ԵԱՀԿ-ին և Մինսկի գործընթացին: 

Քարիմը տեղյակ էր, որ այս օրերին Ադրբեջանը գնացել է սադրանքների:

«Տխուր է  տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին, մենք հանձնառու ենք անելու այն, ինչ կարող ենք անել առկա գործընթացների շրջանում, որպեսզի կարողանանք քաջալերել բոլոր կողմերին` հակամարտությունը լուծում գտնելու ուղղությամբ»,-այսօր Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին ամփոփիչ ասուլիսին ասաց Սաջադ Քարիմը: 

Իսկ թե ինչու են կողմերին քաջալերում, երբ հստակ է, թե սադրանքները Ադրբեջանի կողմից են, Քարիմը միայն նշեց, որ այսօր ընդունված համատեղ տեքստում պատասխանը կա:

Լրագրողներից մեկի հարցին, թե պաշտոնյան ե՞րբ է եղել վերջին անգամ Ադրբեջանում, ի՞նչ տպավորություն է ստացել և ինչո՞ւ է իրեն իրավունք վերապահում ԼՂՀ որոշ շրջաններ հանձնելու հնարավորության մասին խոսել,  միջամտեց հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, թե  պետք չէ տարընթերցում լինի, քանի որ ԵՄ ներկայացուցիչը ոչ թե առաջարկել է, այլ ընդամենը  փոխանցել Թուրքիայի այն տեսակետը, որի մասին բոլորը գիտեն:

«Հարցադրումն ուղղված էր նրան, որ հայկական կողմը ևս մեկ անգամ ներկայացի իր տեսակետը»,-ասաց նա:

Քերիմը շնորհակալ էր, որ թերընկալումները ուղղվեցին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե եղե՞լ է  Ադրբեջանում, ապա նա նշեց, որ երբ ինքը ստանձնեց ԵԽ-ի Հարավային Կովկասում պատվիրակության նախագահությունը մի քանի ամիս առաջ, իր թեկնածությունն առաջադրվեց այն պատճառով, որովհետև ինքը երբևէ որևէ ուղղակի ներգրավվածություն Հարավային Կովկասում կամ տարածաշրջանի երկրներում չի ունեցել:

«Դա կարող է ձեզ զարմացնել կամ չզարմացնել, ես առաջին անգամ է, որ այցելում եմ, այս տարածաշրջան և ՀՀ-ն առաջին երկիրն է, որ երբևէ այցելել եմ: Վաղը հեռանալու եմ դրական արդյունքներով: Կհեռանամ շատ ավելի հստակ ընկալմամբ ձեր երկրի մասին, հուսով եմ, որ սա թույլ կտա ինձ իմ պատվիրակության ղեկավար աշխատանքում սատարել այն մեխանիզմներին, որ կան ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերություներում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել