Մեր սիրելի կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ ձեռնամուխ է եղել համայնքների խոշորացման ծրագրի կյանքի կոչմանը։ Այս մտահղացումը ծագել էր դեռ Տիգրան Սարգսյանի օրոք, բայց այն ավելի ինտենսիվորեն սկսեցին կյանքի կոչել Հովիկ Աբրահամյանի՝ էստաֆետն ընդունելուց հետո։

Ի՞նչ է ասում կառավարությունը ծրագրի մասին։ Եթե հավատանք կառավարությանը (հասկանում եմ, որ աբսուրդային է հնչում, բայց եկեք մի պահ փորձենք անել դա), ապա Համայնքների խոշորացման գերնպատակը վարչատարածքային ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելն է, որի դեպքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել նյութական ու մարդկային ռեսուրսները, ինչպես նաև հնարավոր կլինի մեծ տնտեսումներ անել ու այդ տնտեսումների հաշվին համայնքներում ներդրումներ անել ու դրանք զարգացնել։

Որպես փաստարկ բերվում է այն, որ կիսադատարկ մարզեր ունենալու պարագայում 915 համայնք ունենալն անթույլատրելի շռայլություն է, որը զրկում է այդ տարածքներն ու պետական ենթակառուցվածքները զարգացնելու հանարավորությունից։ Ընդ որում, այս ծրագրի պիլոտային տարբերակներ պետք է արվեն, ու մարզային հանրաքվեների արդյունքներով որոշեն, թե որքանով են համայնքներում կողմ խոշորացմանը։

Իսկ հիմա եկեք հասկանանք, թե իրականում ինչ է ստացվում, ու ինչ ռիսկեր է ենթադրում Հովիկ Աբրահամյանի կաբինետի այս հերթական օյինբազությունը։

Տնտեսումներ, խնայողություններ, վարչատարածաքային կառավարման արդյունավետության բարձրացում... Նման ընդհանրական ու լղոզված տերմինաբանությամբ փորձում են քողարկել իրողությունը. թեման մարզերին հատկացվող բյուջետային ծախսերը կրճատելն է։ Օրինակ՝ 300 գյուղապետարան/համայնքապետարան/քաղաքապետարան պահելը շատ ավելի քիչ ծախսատար է, քան 915 համայնք պահելը։

Ասում են՝ բերեք մենք գյուղապետարանները փակենք, էդ փողերի հաշվին ձեր համար նոր աշխատատեղեր ու ներդրումներ կանենք։ Գյուղացին էլ ասում ա. «Այ ձեր արևին ղուրբան, էսօր որ կիսամեռ գյուղերը դեռ մի քիչ շնչում են, էդ նաև նրա հաշվին ա, որ գյուղապետարաններում ու համայնքային այլ կառույցներում քչից-շատից աշխատատեղեր կան, հիմա եթե բռնեցիք ու էդ մարդկանց գործազուրկ դարձրեցիք՝ առանց նախօրոք ապահովելու այլընտրանքային հնարավորություններ, գյուղերն ու համայնքներն էլ ավելի են դատարկվելու»։

Բայց քանի որ Հովիկ Աբրահամյանն ու իր կաբինետը մեծ փափագներ ունեն այս ծրագրի հետ կապված, անվրդով կերպով բրթում են։ Չէ՞ որ ծրագրի կյանքի կոչման դեպքում միանգամից մի շարք բաղձալի հնարավորություններ են բացվում իրենց համար։ Նախ, շատ ավելի հեշտ է լեզու գտնել, կաշառել, քեզ ենթարկել ու քեզ ծառայեցնել 1 համայնքապետի, քան միանգամից մի քանի համայնքապետերի, ընտրությունների ժամանակ էլ ծախսերդ ու վազվզուքդ ավելի քիչ է լինում։ Բացի դրանից, տեսեք, ասում են, որ էդ տնտեսված միջոցներով հնարավոր կլինի բազմաթիվ ծրագրեր իրականացնել հենց համայնքներում, իսկ դա նշանակում է ատկատների ու կոռուպցիոն այլ սխեմաների նոր աղբյուր։ Էլի կսկսեն կովի պտուկներ լվանալու մասին սեմինարներ անել, չաշխատող հակակարկտային կայաններ ու բիոզուգարաններ տեղադրել և այդ ամենը՝ «տնտեսված փողերով»։

Իրականում, այս խոշորացման ծրագիրը գուցե ինքնին վատ գաղափար չէ, բայց նման լուրջ բարեփոխում անելուց առաջ հազար ու մի այլ բարեփոխումներ պետք է արվեն, որպեսզի սա անցավ անցնի, և որ առավել կարևոր է՝ շատ կոնկրետ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի նման բարեփոխումը գոնե լոգիստիկ առումով խնդրահարույց չլինի՝ ճանապարհներ պետք է կառուցվեն ու վերանորոգվեն, կայուն աշխատող տրանսպորտ պետք է լինի գյուղերից դեպի համայնքային կենտրոն, որպեսզի էլեմենտար տեղեկանք ստանալը հայոց հարց չդառնա։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ի սկզբանե կասկածելի այս ծրագիրը, որն ինքը խնդրահարույց ու պրոբլեմատիկ է, իրականացվում է ահավոր գլխառադ ու թավաքյալի ձևով, և այնպիսի տպավորություն է, որ ընհանրապես հաշվի չեն նստում ծրագրի ծնած ռիսկերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել