Tert.am-ը գրում է.

Անկախ մեր առջև ծագած խնդիրներից, անհրաժեշտ է ձևավորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր օրակարգ, քան ունեինք նախկինում. ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։

Նա նշեց, որ տարածաշրջանային խնդիրները շատ կարևոր են, և դա է վկայում Եվրոպական խորհրդի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի նկատմամբ:

«Ընդհանրապես միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններն ավելի արդյունավետ են լինում, երբ մի կողմից են հանդես գալիս տարածաշրջանի բոլոր պետությունները: Սակայն Հարավային Կովկասում դեռ չի ձևավորվել և միտում էլ չկա, որ  կձևավորվի ընդհանուր հետաքրքրվածություն և ընդհանուր շահ հասկացությունները: Միջազգային կառույցների հետ բոլոր պետություններն աշխատում են իրարից անկախ, երբեմն՝ իրար հակառակ»,-շեշտեց նա:

Պատգամավորի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են եղել տարածաշրջանում՝ Հայաստանը որոշել է անդամակցել ԵՏՄ-ին, Վրաստանը ստորագրել է Եվրաասոցացման պայմանագիրը, ինչը նա օբյեկտիվ քայլեր անվանեց:

Նա ընդգծեց, որ հարևան երկրներից Ադրբեջանը և Թուրքիան շրջափակման մեջ են դրել Հայաստանը, Թուրքիան փակել է ոչ միայն երկաթուղին, այլև ավտոմայրուղին, ինչից էապես կախված է Հայաստանի անվտանգությունը:

«Հայաստանի նկատմամբ կիրառվում է ոչ թե հաղորդակցման ուղիներից, այլև տարբեր ծրագրերից մեկուսացման քաղաքականություն: Եթե Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումն ինչ-որ տեղ բացատրվում է գոյություն ունեցող հակամարտությամբ, ապա անհասկանալի ու անընդունելի է այս հակամարտության համար երրորդ կողմ հանդիսացող Թուրքիայի կողմից սահմանի շրջափակումը: Անհասկանալի է նաև այն, որ Եվրախորհրդի անդամ և ԵՄ անդամությանը ձգտող Թուրքիայի դեմ ԵՄ կողմից սահմանների ապաշրջափակման պայման չի դրվում, ինչը հաստատ դրական կանդրադառնար տարածաշրջանային համագործակցությանն ու կնպաստեր տարածաշրջանային հարաբերությունների ձևավորմանն ու զարգացմանը»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ հիմք ունի մտածելու, որ շուտով շահագործման հանձնվող Կարս-Ախալքալաք երկաթուղու կառավարումը, որը միացնում է Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ադրբեջանը ցանկանում է վերցնել իր ձեռքը և Հայաստանին թույլ չտալ օգտվել այդ երկաթգծից, ինչը կնպաստի տարածաշրջանից ավելի մեկուսացմանը:

«Որևէ գործողություն ծավալելու համար ստիպված ենք ելնել այն իրավիճակից, որն ունենք, ուստի, հաշվի առնելով, որ եվրոպական արժեհամակարգն ու եվրոպական կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի համար այլընտրանք չունեն՝ անկախ մեր առջև ծագած խնդիրներից, անհրաժեշտ է ձևավորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր օրակարգ, քան ունեինք նախկինում»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել