Tert.am-ը գրում է.

Վերջերս հայտնի դարձած tsu.cօ սոցիալական կայքը վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայն տարածում է գտել նաև Հայաստանում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սոցիալական կայքում արդեն կան 10 հազ. հայաստանցի օգտատեր:

«Սա ճիշտ է այնքան մեծ թիվ չէ, բայց եթե հաշվի առնենք, որ այդքան մարդ գրանցվել է վերջին մի քանի օրերին, արդեն լուրջ ցուցանիշ է: Իհարկե, մարդկանց հիմնական մասին գրավել է գումար աշխատելու հնարավորությունը, քանի որ ինչպես գիտեք ակտիվությունը այստեղ գումար աշխատելու հնարավորություն է տալիս: Բայց գումարը հաշվվում է ցենտներով, իսկ հաշվիցդ այն կարող ես հանել միայն 100 դոլար ունենալու դեպքում»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ինքը 6 օրվա ընթացքում սոցիալական կայքում աշխատել է 25 ցենտ:

Ինչ վերաբերում է կայքի անվտանգությանը, ապա Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այն միացված չէ HTTPS համակարգին, ինչը նշանակում է, որ «երրորդ մարդը հեշտությամբ կարող է ներթափանցել ձեր էջ, իմանալ գաղտնաբառը, իմանալ թե ինչ էջեր եք մտնում, ինչ եք խոսում և այլն»:

«Սոցիալական ցանցում այսօր առավել ակտիվ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հայաստանից մարդիկ»,- ասաց նա:

Անդրադառնալով սոցիալական այլ ցանցերին, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում շարունակում է ամենաակտիվը լինել odnoklassniki.ru-ն:

«Այսօր 1 մլն մարդ ամեն օր Հայաստանից մտնում է «օդնոկլասնիկի», 800 հազ. օգտատեր ամսական կտրվածքով ակտիվ է «ֆեյսբուքում», որից միայն 5%-ն է ֆեյք»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել