Tert.am-ը գրում է.

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ՝ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս՝ ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:

Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների՝ արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը՝ Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը՝ Էլշադ:

Հավելենք նաև, որ հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում՝ АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել