Tert.am-ը գրում է.

Հակառակորդը կրկին դիվերսիոն գործողություններ է իրականացնում, և նրանց արածը որևէ ձևով չի տարբերվում «Իսլամական պետության» գրոհայինների գործողություններից: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով այսօր հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանցիների կողմից իրականացված դիվերսիոն գործողությանմասին, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ, և ևս 4-ը վիրավորվել են:

«Հակառակորդը տարբեր հնարքների է դիմում, օրվա տարբեր ժամերի է փորձ անում, թե հնարավոր է ինչ-որ ձևով խոցել մեր սահմանները, խուճապ մտցնել, մեծ չափերի կորուստներ մեզ պատճառել: Բնական է, որ նախկինում հիմնական դիվերսիոն փորձերը կատարում էին գիշերը, այնպես անելով, որ հեշտ փախչեն, և երկրորդ, մտածում էին, որ երևի գիշերը ստորաբաժանումները հանգիստ են: Հիմա օրվա տարբեր ժամերին են դա իրականացնում»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անկախ օրվա եղանակից և ժամից, Հայկական բանակը կանգնած է իր տեղում:

«Դժբախտաբար, մենք ունեցանք զոհեր, և ամբողջ ազգն է սգում, բայց մեր  տղաները դիմակայեցին իրենց ամենապատրաստված ստորաբաժանումներից մեկի՝ հատուկ ջոկատայինների ստորաբաժանմանը, որը մեծ կորուստներով գրեթե ամբողջովին ոչնչացվել է: Ադրբեջանական կողմը 3-4 անգամ ավելի մեծ կորուստներ է տվել, քան մենք: Նույնիսկ իրենց արյան գնով են մեր զինվորները մեր սահմաններն անառիկ պահում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել