Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանիհայտարարությունը, որ ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը՝ ԼՂ հակամարտության կողմերին, խնդիր է, որը պետք է լուծում ստանա, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի համարում հայկական կողմից արվող նոր շեշտադրում։


Այս մասին ասաց քաղաքագետը Tert.am-ի հետ զրույցում  և հույս հայտնեց, որ այդ կոչերից պաշտոնական Մոսկվան կանի համապատասխան եզրակացություն։


Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին ասել էր երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում՝ ի պատասխան ռուս լրագրողի հարցի։

 

«Ես չէի ասի, որ սա  նորություն էր, թերևս նորություն էր այն, որ հանրային մակարդակում Նախագահն առաջին անգամ խոսում էր դրա մասին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ արտգործնախարարն է խոսել դրա մասին և արտասահմանյան թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի համար ցանկալի կլիներ, որպեսզի ՌԴ-ն զենք չվաճառի Ադրբեջանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և հստակեցրեց, թե իր կարծիքով հարցը վաղուց բանակցման թեմա է հայ-ռուսական հարաբերություններում։ 


«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից զենք վաճառելը Ադրբեջանին խնդիր է, և միանշանակ կարելի է վստահ լինել, որ այդ խնդիրը վաղուց քննարկվում է, և դա ուղղակի հնչեցվեց Նախագահի շուրթերից հանրային ձևով»,-ասաց նա։  


Իսկ թե ռուսական կողմից հայտարարությունն ի՞նչ արձագանքի կարժանանա, քաղաքագետը նշեց, թե վստահ չէ, որ հարցը լուծված է վերջնական։


«Որովհետև, վերջին հաշվով, զենքի մատակարարումը Ադրբեջանին, պայմանավորվածությունը վաղուցվա է, և վերջին շրջանում պայմանավորվածություններ զենքի նման քանակի մատակարարման մասին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկան, չնայած այն բանին, որ Ադրբեջանն անընդհատ բանակցում է և ցանկանում է նոր խմբաքանակ ձեռք բերել։ Հիմա դժվար է ասել, թե Ռուսաստանն իրեն ինչպես կպահի։ Համենայնդեպս Հայաստանը, որպես դաշնակից երկիր, իր դիրքորոշումն ասաց, որը հստակ պահանջ էր՝ ուղղված Ռուսաստանին՝ դադարեցնել զենքի մատակարարումը։ Կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքական շահերից ելնում է ականջալուր լինել ՀՀ ղեկավարների այս կոչերին և հուսով եմ, որ համապատասխան եզրակացություններ պաշտոնական Մոսկվան կանի»,-նշեց նա։


Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավելեց, թե Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներ չկան և դրանք իսկապես գտնվում են փոխըմբռնման բարձր մակարդակում։


«Դա է վկայում նաև այն փաստը, որ ապրիլի 24-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը լինելու է Երևանում և հայ ժողովրդի հետ միասին մասնակցելու է Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին։ Բայց ասել, որ բոլոր հարցերն այս պահին լուծված են՝ դեռևս վաղ է։ Այնուամենայնիվ լավ առիթ է Պուտինի այցը Երևան, այնուհետև կլինի մեր Նախագահի այցելությունը Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի միջոցառումներին։ Միասին քննարկելու և իրար հետ հարցերը ճշտելու բավական ժամանակ կունենան, և այս պահին մենք բարձրաձայնեցինք մեր բանակցային դիրքորոշումը, խոսեցինք օրակարգում առկա խնդրի մասին։ Կարծում եմ, որ Ռուսաստանը ժամանակ կունենա մտածելու, վերագնահատելու իր քաղաքականությունը և մեծ հույս կա, որ այո, Պուտինի՝ Երևան գալու ժամանակ խնդրին լուծում կտրվի»,-եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել