Tert.am-ը գրում է.

«Եվրանեսթ» ԽՎ-ում  Ուկրաինան ներկայացնող  համանախագահ Բորիս Տարասյուկը, ով  երեկ վատ էր արտահայտվել ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշման հարցում, ավարտել է համանախագահի իր պաշտոնավարումը ու ռոտացիոն  կարգով նրան  է փոխարինել Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեն: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ուկրաինայի նախկին արտգործնախարարը միշտ էլ ադրբեջանամետ է եղել:

Հիշեցնենք, որ նա երեկ  Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հանդես էր եկել վրդովեցուցիչ հայտարարությամբ, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը ճիշտ չէ:«Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»,- ասել է նա:

Թևան Պողոսյանը կարծում է, որ  Ուկրաինայում  հայկական համայնքը պետք է արձագանքի Տարասյուկի հայտարարությանը, իսկ ուկրաինական ԱԳՆ էլ հայկական լրատվամիջոցների համապատասխան գրության հիման վրա  ներկայացնի, թե որն է Ուկրաինայի պաշտոնական տեսակետը:

«Պետք  է համարել, թե ով է ասում, ինչ պայմաններում և չմոռանանք, որ այսօրվա դրությամբ Տարասյուկը մի փոքր խմբի ներկայացուցիչ է ուկրաինական Ռադայում, որը չի կարողացել ընտրություններում  ապահովել մեծամասնություն, Ուկրաինայի նախկին արտգործնախարարն է, որը միշտ ավելի շատ եղել է ադրբեջանամետ և այդ օրն էլ անձնապես իր կյանքի համար ինչ-որ ցավալի իրավիճակ է եղել երևի, որովհետև ինքը  համանախագահությունից զրկվել է Եվրանեսթում ռոտացիայի մեխանիզմով»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ի պատասխան հարցի, թե հայ պատգամավորները չեն փորձել պարզել, թե ինչու է նա նման հայտարարություններ անում:Թևան Պողոսյանն ասաց, որ գոնե ինքն անձնապես նման փորձ չի արել, որովհետև խորապես արհամարհում է նման մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել