Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու, քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել