Հարուստ անցյալով, ծանծաղ հիշողությամբ, բացառապես քաղաքագետներից բաղկացած ժողովուրդը միշտ ճիշտ է։

Կան մարդիկ, ովքեր դեռ հավատում են Լևոն Տեր-Պետրոսյանին:
Կան մարդիկ, ովքեր սպասում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:
Կան մարդիկ, ովքեր անդավաճան նվիրված են Արթուր Բաղդասարյանին:
Կան մարդիկ, ովքեր դեռ վստահում են Րաֆֆի Հովհանիսյանին:
Կան մարդիկ, ովքեր Գագիկ Ծառուկյանին համարում են Ռեժիմից տուժված:
Չէ՞ որ կան։

Մի հատ Նիկոլն ի՞նչ է, որ չդառնա ընդդիմության առաջնորդ:

Շարքը կարելի է անվերջ շարունակել: Ցանկացած տնական կամ բակային քաղաքական բանավեճերի ժամանակ մենք յուրաքանչյուրս առաջ ենք տանում մեր ճիշտը ու բանավեճի վերջում յուրաքանչյուրս մնում ենք մեր կարծիքին: Մենք վստահում ենք բոլոր լիդերներին` չվստահելով ինքներս մեզ ու մեր մերձավորին: Գուցե հենց սա է պատճառը, որ ոչ թե վերջում ենք հայտնվում կոտրած տաշտակի առաջ, այլ այդ տաշտակն է հենց դարձել մեր ողջ կյանքի անբաժան ուղեկիցը:
Ամեն բան թարս ընթացք ստացավ: Բոլոր կուսակցությունների վերնախավերը միահամուռ կերպով լծվեցին իշխանությունների հետ զուգահեռ ժողովրդին վերջնականապես անտեսելու գործընթացին: 
Պարապ մնացած ժողովրդին նոր առաջնորդ է պետք, իսկ իշխանությունները հապաղում են վերջինիս մեյդան շպրտել: Կամ իշխանությունը հասկացավ, որ արդեն նոր ընդդիմադիր լիդերին աշխատավարձ տալու իմաստ չկա, կամ էլ դեռ ոտքերը կախ են գցում...
Ինչևէ, շուտով մեզ կներկայացնեն նոր լիդերին: Մենք նրան կհավատանք, կգնանք նրա հետևից ու մի քանի տարի ևս աննպատակ չարաճճիությամբ կզբաղվենք... Չէ՞ որ կոտրած տաշտակը կա ու կա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել