Սահմանադրական բարեփոխումների գործընթացին ընդդիմադիր ուժերի մասնակցության փաստը խառնաշփոթ է առաջացրել ոչ իշխանական ճամբարում: ՀԱԿ-իստ Լևոն Զուրաբյանը նրանց անվանել է նախագահականի սպասարկուներ, նախկին զինակից, հիմա ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը քաղաքական պրոցեսին մասնակցությունը համարել է նորմալ, իսկ Լևոն Զուրաբյանին՝ աննորմալ, հոգեկան խանգարում ունեցող անձնավորություն:

Ինչպես միշտ, կրքերը յուրովի են բորբոքվել «Ժառանգությունում», որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, իսկ գլուխը հերթական վճռական պահին ժառանգականության դասեր է առնում ծնողների մոտ՝ Լոս Անջելեսում: 
Ու մինչ նախագահականում «ֆոտոսեսիա» անցած Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանն արդարանում են՝ ասելով, թե Րաֆֆին տեղյակ է եղել, Զարուհի Փոստանջյանն էլ պնդում է, թե վարչության նիստ չի հրավիրվել, հեռավոր Լոս Անջելեսից հնչում է Րաֆֆի Հովհաննիսյանի խրոխտ ձայնը. «Ես այստեղ եմ, ծնողներիս մոտ (կարծում ենք՝ բոլորն էլ ուրախ են, որ նա այնտեղ է, ծնողների մոտ…), շուտով կգամ, և բոլորը «բադասխան» են տալու»: 
Եթե այնպես ստացվի, որ պատասխան տալու արդյունքում ևս մեկ-երկու հոգի հեռանան կուսակցությունից, ապա ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կփլուզվի արդեն 3-րդ ու վերջին անգամ: Հիմա պատկերացրեք, եթե «Ժառանգությունն» ինչ-որ հրաշքով հաղթեր նախագահական ընտրություններում. իշխանափոխության կարիք չէր լինի, ինքնաբերաբար կլուծարվեր: «Բադասխան» տվող էլ չէր լինի:

Հ.Գ. Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել