Ընթերցվածք` Ես. 8.5-10

«Գիտցե´ք, հեթանոսնե´ր, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմե´րը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք: Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու: Ինչ խորհուրդ էլ անեք` Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք` չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է» (8.9-10): 
Երանի Եսայու մարգարեությանն ունկնդիր բոլոր այն քրիստոնյաներին, ովքեր ճշմարտապես ապրում են «Տեր Աստված մեզ հետ է» հավատով և գիտակցությամբ: Մեր ժողովուրդը ևս մշտապես արարել ու մաքառել է «զի Աստուած ընդ մեզ է» վստահությամբ ու զորությամբ: Հիշենք դարերի խորքից եկող Խաղաղական ժամերգության «Նայեաց սիրով» շարականը: 
Ընթերցվածքի այս հատվածը, եթե զորություն է հավատավոր հոգու համար, ապա ահ ու սարսափ է այն անձանց համար, ովքեր համարձակվում են հեթանոսական բարքեր ու երևույթներ սերմանել և խրախուսել: Ցավոք, այսօր մեզանում ճշմարիտ աստվածճանաչողության 17-դարյա շրջանից հետո իսկ կան այդպիսիք: Նրանց հաղթելը դյուրին չէ, ինչպես և մեր հոգիներից պատրանքային իր քաղցրությամբ մեղքը արմատախիլ անելը: Սակայն որքան էլ նրանք ուժեղ և զորավոր, երբեմն ազդեցիկ և կարող, Եսայի մարգարեն ցույց է տալիս մեզ, թե ինչպե´ս պետք է պայքարենք: Նա հուշում է, որ Տերն է խափանելու այդ ամենը և ոչ թե մենք, որ տկար ենք մարդկային մեր բնությամբ, բայց և զորավոր այն հավատով, որ Տեր Աստված մեզ հետ է: 
Ուստի մեր կյանքում պետք է առաջնորդվենք աստվածապավինությամբ, որովհետև ամեն երևույթ հաղթահարելի է, եթե Աստված մեզ հետ է, երբ Նա բնակվում է մեր հոգիներում, երբ վկայվում է մեր գործերով ու կյանքով: Այնժամ որևէ մեղք, որքան էլ որ քաղցրահամ, որևէ չարիք և թշնամի, որքան էլ որ զորավոր և ազդեցիկ, չի կարող դիմադրել Լույսին, չի կարող ստվերել մեր կյանքի Արեգակը, չի կարող հաղթել Հարուցյալ մեր Տիրոջը, Ով մահվամբ մահը հաղթեց և մեզ կյանք պարգևեց:
Ի վերջո, մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը, որի վավերականությունը փաստվել է հայ ինքնության դարավոր ընթացքով, որի ճշմարտացիությունը հաստատվել է մեր այսօրվա գոյությամբ, ազատ ու անկախ Հայրենիք ունենալու իրողությամբ` անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, հակառակ մեր ժամանակների բազում դժվարությունների և փորձությունների: 
Եվ այդ առումով, մենք` քրիստոնյաներս, հոգով ազատ ու զորավոր ենք, քանզի Տեր Աստված մեզ հետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել