Պերմյակովի իրականացրած սպանդից անցել է երկու ամսից ավել: Այս հանցագործությունն իր տեսակի մեջ եզակիների շարքին է դասվում, ու բոլոր հանգամանքների շուտափույթ պարզաբանումն ու դեպքի քննությունը պետք է իրականացվի ծայրահեղ արտակարգ պայմաններում և շատ արագ: Եթե Պերմյակովին հարցաքննելու և իրականությունը պարզելու համար շտապողականություն պետք չի, ապա տարբեր տիպի փորձաքննություններն ու նմանատիպ գործառույթները պետք է առավելագույն օպերատիվությամբ ու արագությամբ կատարվեն: Բացի այն, որ հանցագործությունը չի դասվում սովորական հանցագործությունների շարքին, հասարակական պահանջը ստիպում է, որպեսզի այն շուտափույթ բացահայտվի, և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը:
Այս ամենի ֆոնի վրա բավականին տարօրինակ է, որ գործի ընթացքի հետ կապված լուրերը բավականին սակավ են, իսկ տարբեր տիպի փորձաքննությունների արդյունքները ստացվում են շատ ուշ:
Այսօր, դեպքից երկու ամիս անց, նոր միայն ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։ 
Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։ Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները ևս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։
Փորձաքննության արդյունքները խոսում են այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները սպանվել են նույն զենքից: Այս հանգամանքը բացառում է մի շարք վարկածներ, որոնք շրջանառվում էին այս օրերի ընթացքում: Քննությունը կրիայի արագությամբ, բայցևայնպես առաջ է գնում: Այսօր, ըստ նախկինում ևս անցկացված փորձաքննությունների պատասխանների, պարզ են շատ չնչին մանրամասներ` այն, որ Պերմյակովը մեղսունակ է, և որ գործածվել է ընդամենը մեկ զենք: Հուսանք, որ նորությունները երկար սպասեցնել չեն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել