Վերջերս նայում էի «6-րդ զգայարան» հաղորդումը։ Ասեմ, որ բավականին հետաքրքիր հաղորդում է, ու թեև ես հստակ գիտակցում եմ, որ օկուլտիզմը խաբեություն է, ու այս ամենը՝ շոու, այնուամենայնիվ, այս հաղորդումը դուրս գալիս է, որովհետև շոուբիզնեսյան աստղերին կարողանում ենք ակնդրել յուրահատուկ անկյան տակ, և այս հաղորդման մեջ նրանք բացվում են այնպես, ինչպես չեն բացվում ոչ մի հարցազրույցի ու շոուի ժամանակ։

Սակայն մի բան կա, որ ինձ պարբերաբար շեղում է նշածս առավելությունն ըմբոշխնելուց, և այդ շեղող հանգամանքի անունն է Մերի Մակարյան։ Մերին այնպես է վարում հաղորդումը, որ շոուն դիտելու ողջ ընթացքում ինձ չէր լքում այն զգացողությունը, որ էս աղջիկը մինչև հիմա տեղյակ չի, որ «Դժվար ապրուստը» վաղուց վերջացել է, ու ինքը կարող է դուրս գալ «стерва»-ի ամպլուայից ու դադարի դավադիր կնոջ իմիջ կերտել։

Ես փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւմ է սրա պատճառը, քննարկում էի ոլորտի գիտակ մարդկանց հետ, ու գիտե՞ք՝ գրեթե միահամուռ ինձ ինչ ասվեց։ Ահա թե ինչում է խնդիրը. Մերին իհարկե քաջատեղյակ է, որ «Դժվար ապրուստը» վերջացել է, և «6-րդ զգայարանը» սերիալ չէ, որտեղ ինքը վատ կնոջ դեր է խաղում, իսկ այդ «стервозность»-ն ու բացասական էներգետիկան, որ պարուրում է Մերիին, ոչ թե նրանից է, որ նա խաղում է, այլ նրանից է, որ նա հենց իրականում է այդպիսին։ Իսկ այդ չարության ու նեգատիվի պատճառը հանկարծահաս փառքն ու նույնքան հանկարծահաս փառքի կորուստն է՝ համեմված տարբեր անձնական որակներով ու ձախողակ մարդուն հատուկ բարդույթներով։ 

Ու իրոք, Մերի Մակարյանն, ի թիվս բազմաթիվ խնդիրների, ունի շատ լուրջ մի խնդիր. չնայած նրան, որ կյանքն այս աղջկան բազմաթիվ շանսեր ընձեռեց, Մերին այդպես էլ մնաց հարսանիք վարողի մակարդակի վրա ու չաճեց։ Հարսանիք վարող լինելն ինքնին վատ ու ամոթալի բան չէ, բայց վատ է, երբ հարսանիք վարողը համարում է, որ ինքը տաղանդավոր հաղորդավարուհի ու վաստակաշատ դերասան է։

Սակայն արի ու այս մի հարսանիք վարողին բացատրի, որ թեև իր կարիերայի տեսանկյունից իսկական ջեքփոթ էր հանդիսությունների սրահներից անցում կատարել նկարահանման հրապարակ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դա գլոբալ նշանակության իրադարձություն էր հայկական շոու բիզնեսի, հեռուստատեսության ու առավել ևս՝ մշակույթի առումով։

Հեռուստադիտողն անկեղծորեն ատում էր Մերիի պերսոնաժին, իսկ Մերիի կոլեգաներն ատում էին հենց Մերիին, ով իրեն պահում էր մարդկանց հետ այնպես, ասես Էդիտ Պիաֆի, Մերիլին Մոնրոյի ու Լարրի Քինգի խառնուրդը լինի, և վայն եկել ու տարել էր ցանկացած մեկին, ով փորձում էր այս կամ այն կերպ հակադրվել Մերիին։ Արդյունքը հայտնի է. լարված հարաբերություններ Շուշաննա Թովմասյանի ու նրա երկրպագուների հետ, հետո Միհրան Ծառուկյանի ու նրա երկրպագուների հետ, հետո «Ֆուլ Հաուս»-ում դեր չստանալ… Անհաջողությունները դարձան Մերիի մշտական ուղեկիցը, բայց նա շարունակում էր համառել ու իրան մեգատաղանդավոր սուպերաստղ երևակայել։

Ինչևիցե, չեմ ուզում սևեռվել այդ պատմությունների վրա, որովհետև թեև այս ամենը մեծապես նպաստել է Մերիի այսօրվա բացասական ամպլուային, այդ ամպլուայի վրա ոչ պակաս, եթե չասենք ավելի շատ, ազդում են զուտ ներքին գործոններ, որոնք արդեն բացառապես Մերիի հետ են կապված։

Մերի Մակարյանն իր իրական դեմքն ավելի տեսանելի դարձրեց, երբ հիրավի աբսուրդային միկրոարշավ էր ծավալել, որի ժամանակ իր մոտ կանգնած աղբյուրներն ալիք էին բարձրացնում, որ նա խիստ նման է Քիմ Քարդաշյանին, իսկ հետո ինքը հարցազրույցներում մեղմիկ հաստատում էր, որ այո՛, իրենք նման են, բայց ինքը չի նմանակում։ Ու այս ամենի միակ նպատակը մեկն էր. հիմա էլ Մերին ուզում էր ինքնահաստատվել՝ Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելով ու այդ կերպ աստղայնությունը մի նոր «բարձրունքի» հասցնելով։ Արդյունքը հայտնի է. կրկին ֆիասկո…

Անցնենք առաջ։ Երբևիցէ նկատե՞լ եք, թե ինչ մոլուցքի աստիճան հասնող ցանկություն ունի Մերին՝ լինելու ուշադրության կենտրոնում ու խիստ զարգացած, խիստ խելացի ու խիստ գրագետ թվալու։ Այս առումով Մերին իսկական բենեֆիս ցուցադրեց Նազենի Հովհաննիսյանի «Մարդկային գործոնում», որտեղ իդեալական տղամարդուն վերաբերող միանգամայն բուտաֆորիկ թեման փորձեց վեր ածել մեկ արտիստի շոուի։

Ու դա այդքան վատ չէր լինի, եթե Մերին, բացի ուշադրության կենտրոնում լինելու տենչանքից, ունենար էլեմենտար գիտելիքների բազա ու ինչո՞ւ ոչ նաև տակտի և չափի զգացողություն։ Ողջ հաղորդման ընթացքում այդպես էլ չես լսի գոնե մեկ հոդաբաշխ միտք։ Բոլոր արտաբերված մտքերը բզկտված են ու հաճախ իրարամերժ, իսկ ինչ-որ մի պահ հասկանալի է դառնում, որ Մերին անգամ հստակ չի էլ հասկանում, թե օրինակ ինչ ասել է՝ «Պլատոնական զգացողություններ»։ Ընդհանրապես, այս հաղորդման Մերին իրեն պահում էր մի մարդու պես, ով 10 հատ «կուլտուրական» բառ գիտեր, որոնք տարբեր հերթականությամբ փորձում էր կապել իրար հետ ու Մարիանյան անդունդի պես խորը մտքեր ձոնել այս աշխարհին… Չստացվեց, նորից ֆիասկո։ Ու չէր էլ կարող այլ կերպ լինել, քանի որ եթե մարդը 3 փորձից չի կարողանում ավարտել Գավառի պետական համալսարանը, դա արդեն իսկ խոսում է, որ նրա ինտելեկտուալ բագաժը, մեղմ ասած, ծանր չէ։

Դե ինչ, այսքանից հետո, մնում է վերադառնալ այս գրառման հիմնահարցին. ինչո՞ւ Մերի Մակարյանը դուրս չի գալիս «стерва»-ի դերից։ Պատասխանն առավել քան ակնառու է. Մերիի մարդկային տեսակն է այդպիսին, ու դա դեր չէ, որպեսզի նա դուրս գա դրանից։ Վստահեցնում եմ ձեզ, եթե նա անգամ վարի «Բարի գիշեր, երեխաներ» կամ էլ «Հեռուստախոհանոց» հաղորդումը, նա էլի լինելու է այսպիսին, որովհետև նա չարացած, բարդույթավորված, աստղային հիվանդությամբ վարակված, քաղքենիական դրսևորումներով հագեցած վարքով մարդ է, ով ինքնահաստատման սուր կարիք ունի, որը միայն ավելի է սրվում մարող «փառքի» և իրար հետևող ձախողումների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել