Շատերն այն տեսակետին են, որ Անգլիայի պառլամենտարիզմի հիմքը սաքսերն էին` գերմանական ցեղ, որը Գերմանիայից ներթափանցեց Անգլիա: Սաքսերը մի հետաքրքիր խասիաթ ունեին, իրենք թագավոր չունեին, դրա փոխարեն ամեն տարի համացեղային ժողով էին հրավիրում և ընդունում որոշումներ, որոնք պարտադիր էին կատարման համար: 
Իմիջիայլոց, այդ ժողովները կոչվում էին DINK կամ Think, որը և անգլերեն լեզվի մեջ մտավ «մտածել» իմաստով: Ժամանակին Կարլոս Մեծը մեծ դժվարությունների է հանդիպել սաքսերին նվաճելու ժամանակ (գերմանական), ըստ երևույթին նրա համար, որ երկիրը ծախող չկա… Դրա համար պետք էր THINK հրավիրել, երկար-բարակ քննարկել, իսկ ծախողը, որպես կանոն, մեկն է լինում կամ մի փոքր խմբավորում: Քանի որ Հայաստանի կուսակցությունները THINK-ի սկզբունքների վրա չեն կառուցված, դրա համար միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք հանրային շահը հեշտությամբ ծախում են գնելու հնարավորություններ ունեցողին և ոչ ոքի առջև` նույնիսկ իրենց կուսակիցների, հաշվետու չեն: Հայաստանի խնդիրը կուսակցություններն են և այն սկզբունքները, որոնց վրա դրանք կառուցված են:
Որպեսզի ավելի պարզ լինի ասածս, բերեմ Զոշչենկոյի մի պատմվածի համառոտ սյուժեն:
Մի ռուս գնում է Գերմանիա, մտնում է հանրային զուգարան և զարմանում զուգարանի մաքրության վրա. չորս կողմը իդեալական մաքրություն, ծաղիկներ, օդը բուրմունքով լի և այլն: Մտքում ասում է՝ «մենք» (ռուսները) ազգ չենք, խոզ ենք, ու հիանում է գերմանացիներով: Հետո մտնում է առանձնախուցը և գործը վերջացնելուց հետո չի կարողանում դուռը բացել: Օգնության է կանչում, և մի գերմանացի իրեն դրսից բացատրում է, որ մինչև ջուրը բաց չթողնի, դուռը չի բացվի: Հիասթափված ռուսը դուրս է գալիս զուգարանից և մտածում, որ գերմանացիները «մեզ» նման խոզ են, ուղղակի իրենց մոտ ամեն ինչ լավ է կարգավորված: 
Նույնը մեր կուսակցությունների ու պետական կարգի մասին է կարելի ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել