Համաձայն գիտական հետազոտությունների՝ որոշակի կենսակերպ վարելով՝ մարդը մեր օրերում կարող է ապրել մինչև 120 տարեկան, իսկ եթե կիրառվեն նաև հատուկ տեխնոլոգիաներ, ապա ընդհուպ մինչև 500 տարի։

Կյանքի տևողությունը երկարեցնող նորարարական հետազոտությունների մասին պատմել է Google Ventures հիմնադրամի նախագահ Բիլլ Մերիսը, ով զբաղվում է սթարթ-ափների ներդրումներով ու զարգացմամբ։ «Ես համարում եմ, որ բժշկության մեջ բեկումնային ձեռքբերումներն ու բիոմեխանիկայի զարգացումները հնարավորություն կտան մարդկանց ապրելու մինչև 500 տարեկան, - հաղորդել է Մերիսը, - ներկայումս մենք ներդրումներ ենք անում սթարթ-ափ ընկերություններում, որոնք զբաղվում են գենետիկայի ու հիվանդությունների ախտորոշման (այդ նվում նաև քաղցկեղի) ոլորտներում իրականացվող հետազոտություններով: Մենք այսօր գործիքներ ունենք, որոնք թույլ են տալիս ի կատար ածել նույնիսկ ամենահամարձակ պլանները»։

Բիլլ Մերիսը նեյրոկենսաբանի մասնագիտություն ունի և վերջին շրջանում զբաղվում է մարդու կյանքը երկարացնելու վերաբերյալ նախագծերով։ Ընկերության արդի մոտեցումը կայանում է նրանում, որ եթե մարդը ճիշտ կենսակերպ վարի (բացառի վնասակար սովորություններն ու պարբերաբար սպորտով զբաղվի), ապա այդ մարդը կարող է մինչև 120 տարի ապրել։ Այդ տարիքից հետո մարդը պետք է դիմի այն նոր հայտնագործություններին, որոնք ի զորու են գրեթե անվերջ երկարեցնել նրա կյանքը։

Նման կանխատեսումներ անում է նաև ամերիկացի հայտնի ֆուտուրոլոգ Ռեյմոնդ Կուրցվեյլը։ Անցած տարի կայացած միջազգային «Գլոբալ ապագա 2045» համաժողովում նա հայտարարել է, որ 30 տարի հետո մարդկությունն ի զորու կլինի ապահովել գրեթե անմահություն՝ շնորհիվ մարդու օրգանիզմի հետ համատեղելի կենսաբանական մեքենաների։ Նրա կարծիքով՝ համակարգչային տեխնոլոգիաների ու նեյրոկենսաբանության զարգացումը հնարավորության կտա մշտապես ապահովել կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքը։ Ընդ որում, բժշկական այլ ճյուղերի զարգացումը հնարավորություն կտա իրենց ռեսուրսը սպառած օրգանները փոխարինել նորերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել