Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Տիգրան Մեծ փողոցի վրա՝ «Ֆիրդուսի» շուկայի մուտքի մոտ։ Պայթել է այդ հատվածում տեղադրված գովազդային վահանակի տակով անցնող հոսանքալարը։ Ականատեսների վկայությամբ՝ երկու անգամ ուժեղ պայթյուն է եղել, ու հողի տակից կրակի մեծ շիթ է ժայթքել։ Հողը լցվել էր կողքը կայանած մեքենաների վրա։

Բարեբախտաբար տուժածներ չկան։ Շրջակա խանութների աշխատակից կանայք վախեցել էին։ Նրանք մեզ ասացին, որ պայթյունի ձայնը լսելուն պաես՝ վախից մտել են ներս։ Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ԱԻՆ-ից, ոստիկանությունից կամ շտապօգնության ծառայությունից որևէ բրիգադ չկար։ Քաղաքապետարանի լրատվական վարչությունից էլ մեզ ասացին, որ մեզանից են դեպքի մասին տեղեկանում՝ խոստանալով ճշտել ու տեղեկացնել, թե որ ընկերությանն է պատկանում այդ գովազդային վահանակն ու պայթյունի հետ կապված այլ մանրամասներ։

Մեր տեղեկություններով՝ այդ և տարածքի նմանատիպ մյուս գովազդային վահանակները պատկանում են «Դե ֆակտո» ամսագրի, Slaq.am կայքի «Հարությունյան մեդիա» ՍՊԸ հիմնադիր Մենուա Հարությունյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որև տվյհալ գովազդային վահանակը, որի կողքը տեղի է ունեցել պայթյունը, իրենց ընկերոըթյանն է պատկանում՝ «Հարությունյան մեդիա» ՍՊԸ-ին, սակայն տվյալ հոսանքալարը իրենց գովազդային վահանակի հետ կապ չունի և չի սնուցում այն։ «Մեր շթի կողքն ա, բայց մեր շթի հետ կապ չունի դա, որովհետև մեր շթի հոսանքը օդով ա գնում, իսկ դա հողը տակով ա գնում ու մեր հետ կապ չունի, ուղղակի էդ շթի կողքով ա գնում»,-ասաց Մենուա Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, թե պայթյունից հետո նկատեցինք, որ տվյալ գովազդային վահանակն անջատված էր, Մ․ Հարությունյանն ասաց, որ իրենց վահանակը առանց այդ էլ շուրջ մեկ ամիս է՝ անջատված է և այնպես չէ, որ պայթյունի հետևանքով է անջատվել։ «Մեր շթի հոսանքը օդով ա գալիս, ու արդեն մեկ ամիս ա՝ անջատված ա, երբ որ գովազդ չի լինում, մենք անջատում ենք, իմաստը ո՞րն ա անկապ վճարելու»,-պարզաբանեց «Հարությունյան մեդիա» ՍՊԸ ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել