Օրեր առաջ սկիզբ առած ԲՀԿ կազմաքանդման գործընթացին զուգահեռ մամուլում մի թեզ էր շրջանառվում, որ ԲՀԿ-ից կհեռանան օլիգարխներն ու այսպես ասած տգետները, իսկ կուսակցության ինտելեկտուալ մասը կկարողանա առավել անկաշկանդ առաջ մղել ԲՀԿ-ի ամենահամարձակ գաղափարները: Որպես առաջին քայլ նշվում էր կուսակցության՝ ընդդիմություն հռչակումը:

Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն զանգվածային լքում են ոչ միայն ապաքաղաքական դեմքերը, այլ հենց «ինտելեկտուալները», ընդ որում՝ նրանք կամ հեռանում են կուսակցությունից, կամ ապաակտիվացնում իրենց քաղաքական գործունեությունը: 
Վերջինների դեպքում կարելի է հիշատակել Վահե Հովհաննիսյանի անունը, որոշակի առումով նաև Տիգրան Ուրիխանյանի:
Ինտելեկտուալների թևը լքեց նաև Վարդան Օսկանյանը, ով կոորդինացնում էր կուսակցության քաղաքականությունն արտաքին ճակատում և իսկապես հսկայական փորձ ուներ:

Հարցադրումը, թե ինչո՞ւ են ԲՀԿ-ն լքում քաղաքական դեմքերը, կարծես թե, մեզանում լայն քննարկման չարժանացավ: Սրա առաջին պատճառներից այն է, որ նախ նրանց կապում էր ընդհանուր շահը, սակայն ոչ թե գաղափարական, սկզբունքային, թեկուզև քաղաքական, այլ պաշտոններ ունենալու: 
Ընդ որում՝ նրանց ներսում կատաղի դիրքային պայքար էր գնում, որոշ դեպքերում՝ անառողջ տրամաբանության շրջանակներում:
Նրանք միասին էին ու արտաքնապես համերաշխ, քանի Ծառուկյանն էր առաջնորդում ԲՀԿ-ն, սակայն նրա հեռացումը միանգամից ջրի երես հանեց այն բացասականը, ինչը միշտ եղել է, սակայն չի արտահայտվել:

Մեկ դիտարկում ևս. փորձ է կատարվում ԲՀԿ-ի նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանին ներկայացնել որպես մեծ ժողովրդավարություն վայելող «քաղաքական գործիչ»: 
Իրականում եթե նա որոշակի ժողորդականություն վայելում է, ապա հիմնականում լրագրողների շրջանակում, սակայն հասարակության լայն զանգվածների համար նա ԲՀԿ մնացած դեմքերից առանձնապես չի տարբերվում, և դժվար է ակնկալել, որ վերջինս ԲՀԿ-ն նոր բարձունքների կմղի: Ավելին, Զոհրաբյանին դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ նրան է «վստահվել» կուսակցությունը «դանդաղ մահվան» տանելու առաքելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել