Այն, ինչ փետրվարի 12-ին ձևակերպել էր Սերժ Սարգսյանը՝ փայլուն կատարեց: Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, ԲՀԿ-ից մնաց միայն անունը, որի հետ ասոցացվելը նույնանում է քաղաքական ձախորդության հետ: ՀԱԿ-ը երկու ամիս, գուցե ավելի տևական ժամանակով գտնվելու է արձակուրդում՝ գուցե դրանից չվերադառնալու հեռանկարով: «Ժառանգությունը» վերադարձել է Ազատության հրապարակ, սակայն ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ մարդու մոտ: Եռյակից դուրս գործող ընդդիմությունն ինքնակազմակերպման մարդկային, քաղաքական ռեսուրս առայժ չունի ու հազիվ թե ունենա՝ մինչև հերթական ընտրությունները:
Քաղաքական հարթության մեջ՝ Սերժ Սարգսյանը չեզոքացրել է խոչընդոտները ու հանգիստ կարող է գնալ սահմանադրական փոփոխությունների, իշխանության այնպիսի վերարտադրության, որը կերաշխավորի նաև նրա անհատական մեծ մասնակցությունը 2017-2018թթ-ի ընտրական ցիկլից հետո:
Ընդդիմությունը չկա, սակայն պրոբլեմները, որոնք հուզում են հասարակությանը, մնում են, ավելին խորանում են՝ սպառնալով ոչ միայն համակարգի, այլ նաև երկրի կայունությանը:
Իշխանության ներկայացուցիչների էյֆորիան չեմ կարողանում հասկանալ. մարդիկ կամ քաղաքականությունից չեն հասկանում, կամ ապրում են օրվա սպառողական տրամաբանությամբ:
Եթե դուրս գանք էյֆորիկ, զգացմունքային տրամադրություններից, ամբարտավան ու հոխորտալից հռետորաբանությունից, «մեր դեմ խաղ չկա»-ի վտանգավոր, ինքնակործան իներցիայից, ապա իշխանությունն ունի երկու ճանապարհ:
Ցանկալի ճանապարհը՝ համակարգային բարեփոխումեր իրականացնելն է, որի տակ, բնականաբար, չի կարելի հասկանալ սահմանադրական փոփոխությունները կամ միայն դրանք: Այդ բարեփոխումները պետք է հանգեցնեն քաղաքական ու տնտեսական մրցակցային դաշտի ձևավորմանը՝ մենաշնորհները բացառելու ճանապարհով: Սա ցավոտ ճանապարհ է, որովհետև իշխանությունն, ըստ էության, պետք է կտրի այն ճյուղը, որի վրա հիմա նստած է: Սակայն Սերժ Սարգսյանը հիմա կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, որովհետև ընդդիմությունն ենթարկված է քաղաքական նոկաուտի, երկրում չկա օլիգարխիկ հեղաշրջման վտանգ, իրենց քաղաքական գրավչությունը կորցրել են առաջին և երկրորդ նախագահները: Միայն այդ բարեփոխումները կարող են մեծացնել իշխանության իրական սոցիալական բազան, նրան հաղորդել քաղաքական բաղկացուցիչ, կրեատիզմ՝ նոր դեմքերի ու գաղափարների ձևով, նախադրյալներ ստեղծել նոր՝ որակապես նոր ընդդիմության ձևավորման համար: Առանց այս նախապայամների՝ չի կարող վեանայվել ներքին ու արտաքին քաղաքականության որակը, ըստ այդմ՝ չեն չեզոքացվի այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առջև:
Երկրորդ ճանապարհն ավանդական կարելի է համարել հետսովետական տարածքի իշխանությունների համար: Դա ռեպրեսիվ ու վարչական լծակների գործադրումն է, ինչն, անշուշտ, տալու է կարճաժակետ էֆեկտ, գուցե նաև ապահովի իշխանության համեմատաբար անցնացում վերարտադրությունը: Սակայն, երկարաժամկետ կտրվածքով, երկիրը դուրս չի բերելու անկայունության ռեժիմից: Դա կարող է արտահայտվել մասսայական անհնազանդությամբ, որի կազմակերպիչներն ոչ թե քաղաքական խմբերն են, այլ սոցիալական ագրեսիվ շերտերը(արաբական սցենար) կամ՝ հասարակության մեջ անտագոնիզմի ու ռադիկալիզմի աճով(ահաբեկչություններ, բռնություն և այլն): Կարիք չկա բացատրելու, թե այս տարբերակներն ինչքան վտանգավոր են արտաքին լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրի համար:
Սերժ Սարգսյանը կանգնած է պատմական ընտրության առաջ:
Բարեփոխումների ճանապարհը հավերժացնելու է նրա անունը պատմության մեջ, երկրորդ ճանապարհն ավարտվելու է ֆիասկոյով:
Նպաստավոր պահը պատմական ակնթարթ է, որը կորցնելը կարող է ճակատագրական լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել