Աշխարհահռչակ գյուտարար Թոմաս Էդիսոնը մի քանի հազար գյուտերի հեղինակ է: 1914 թվականի դեկտեմբերին հրդեհից ամբողջովին այրվեց Էդիսոնի լաբորատորիան: Այդ ժամանակ նա արդեն 67 տարեկան էր: Հրդեհի հասցրած վնասը հսկայական էր: Եթե այդ վնասը վերածենք այսօրվա դրամական համարժեքի, ապա կստացվի երկու միլիոն եվրոյի կարգի գումար: Լաբորատորիան ապահովագրված էր, բայց ապահովագրական գումարի չափը վնասի համեմատ գրոշներ էր կազմում՝ երկու հարյուր հազար եվրոյին մոտ գումար: Բայց ամենասարսափելին դա չէր: Ամենավատն այն էր, որ կործանվեցին նրա գիտական հետազոտությունների պտուղները: Նրա աշխատանքը, գիտական ուսումնասիրությունները, հուշագրությունները, գրառումները՝ ամեն ինչ այրվեց: Ինչ-որ երկու ժամվա ընթացքում ոչնչացավ նրա ամբողջ կյանքի գործը: 
Էդիսոնի որդին ամենուր փնտրում էր հորը: Նա շատ էր անհանգստանում, թե հայրն ինչպես կտանի այդպիսի աղետը: 
Պարզվեց, որ Էդիսոնը հրդեհի վայրում էր և անվտանգ հեռավորության վրա կանգնած դիտում էր կատարվածը: Նա բացարձակապես հանգիստ էր ու զսպված: Ժպտալով նայում էր ավերակներին: Նրա միակ խնդրանքն այն էր, որ կնոջն իր մոտ բերեն: 
Երբ կինը եկավ, Էդիսոնը նրան շատ լրջորեն ասաց.
_ Նայիր, մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք երբևէ նման բան չենք տեսել: Աղետը շատ օգտակար է. հիմա մենք կարող ենք ամեն ինչ սկսել մաքուր թղթից: Ամեն ինչ սկսել սկզբից: 

Հ.Ա._ Ժամանակ առ ժամանակ այնպիսի բաներ են կատարվում, որոնց վրա մենք ազդել չենք կարող: Բայց այն, թե մենք ինչպիսի ռեակցիա կտանք այդ իրադարձություններին, միայն մեզանից է կախված: Միայն մենք կարող ենք ընտրել, թե ինչպես վերաբերվենք բոլոր կենսական իրադարձություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել