Սեր և ատելություն, ընկերություն և դավաճանություն, պատերազմ և խաղաղություն. անբաժանելի հասկացություններ, որոնք միշտ իրար կողքի են: Սահմանագիծը, որը դրանք բաժանում է, շատ և շատ բարակ է, իսկ երբեմն նաև ընդհանրապես բացակայում է որպես այդպիսին:

Ֆիլմն առաջացնում է բազում էմոցիաներ, որոնք հրաբխի պես ժայթքում են` ամեն ինչ թողնելով լավայի տակ: Տիտրերը դեռ երկար գնում են, ու այդ ընթացքում չես հավատում, որ ամեն ինչ վերջացավ հենց այդպես: Ֆիլմը շեդևր է:

Հերոսների եռյակին մարմնավորել են տաղանդավոր դերասաններ Սթյուարտ Թաունսենդը (Գայ), Շարլիզ Թերոնը (Հիլդա) և Պենելոպա Քրուզը (Միա): Ֆիլմում նրանցից յուրաքանչյուրի կերպարն ունի իր նշանակալիությունը ու հանդիսատեսին է փոխանցում իր կոլորիտը: Հատկապես արժե ընդգծել Շարլիզ Թերոնի խաղը, ում դերասանական վարպետության շնորհիվ ստեղծվել է խորքային ու բարդագույն կանացի կերպար:

Գոհացնում է նաև ֆիլմի կոմպոզիտոր Թերրի Ֆրյուերի աշխատանքը, ում ստեղծած երաժշտությունը, միաձուլվելով ընդհանուր պատկերի հետ, ամբողջ ֆիլմի ընթացքում շարունակում է տակնուվրա անել գիտակցությունդ:

Գայի, Հիլդայի ու Միայի պատմությունը սկսվում է բուռն 20-ականներին` ջազի վերելքի տարիներին, և ավարտվում է ֆաշիստների կողմից օկուպացված Փարիզում: Այդ պատմության մեջ միախառնվում են ընկերության և սիրո թեմաները` ձևավորելով խճճված հարաբերություններով ու բավականին բարդ սիրային եռանկյունի: Սակայն ամբողջ ֆիլմի միջով կարմիր թելի պես անցնում է Գայի ու Հիլդայի հուզիչ, անհույս և գեղեցիկ սիրո պատմությունը: Սա նաև պատմություն է հենց Հիլդայի մասին, ում անունը վերցված է սկանդինավյան սագայից և նշանակում է «մարտնչող», ով բարդ ճակատագրի տեր կին էր և անցավ կյանքի բարդ ճանապարհ:

Գլուխը երկնքում. սա պարզապես ֆիլմի անվանումը չէ, սա հոգեվիճակ է, որում գտնվում են ֆիլմի հերոսները: Թեթև խելահեղության վիճակ ու վեհ ապրումներ, որոնք տեղ չունեն այս աշխարհում, որոնք ձգում են դեպի բարձունք, բայց ավաղ` կտրելով աշխարհից:

Սա ֆիլմ է 20-րդ դարի առաջին կեսին Եվրոպան ցնցած աղետի` ֆաշիզմի մասին: Այստեղ կան նաև փիլիսոփայական մտորումներ Ճակատագրի մասին, ոչ միայն կոնկրետ մարդու կյանքի, այլև ամբողջական ազգերի ու մայրցամաքների հանդեպ նրա ամենազորեղության մասին: Անձնական ու պատմական ճակատագրերը փոխկապակցված են ու անբաժանելի:

Ֆիլմում կա մեծ էսթետիկա, ողբերգական ու անհույս էսթետիկա, որը չի կորցնում իր հմայքն անգամ խամրելու պահերին: Ֆիլմը լի է հոգեբանական ու լիրիկական զեղումներով, ինչպես նաև աշխարհի ամենախորհրդավոր երևույթի` մարդկային սրտի ուսումնասիրմամբ:

Դիտումից հետո ֆիլմը երկար ժամանակ չի մոռացվում և ստիպում է կրկին ու կրկին մտովի վերադառնալ այս պատմությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել