Նոր ձևավորում, նոր դեմքեր, հետաքրքիր նոր հաղորդաշարեր և լրատվության նոր տեսակ. խոստանում է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը՝ Մարտի 8–ին մեկնարկելիք նոր եթերաշրջանին ընդառաջ։

BlogNews.am-ի հետ զրույցում Հրաչն ասաց, որ իրենց լրատվական թողարկումները կլինեն առավոտյան 10-ից մինչ ուշ գիշեր և անընդհատ կթարմացվեն։ «Օրվա ընթացքում կունենանք լուրերի 7 նոր թողարկում։ Կփորձենք ավելի ինտերակտիվ լուրեր տալ, լրատվական բլոկերը հագեցնել նաև սոցիալական կայքերի ինֆորմացիաներով, մի հաղորդումն ինտեգրել մյուսին։ Կունենանք նաև թեմատիկ հյուրեր»,-հայտնեց նա։

Նորանշանակ տնօրենը խոստանում է հետաքրքիր հեռուստաառավոտ, ընդլայնված երեկոյան ծրագիր և այլ նոր հաղորդումներ։ Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ կունենան նաև մեծամասշտաբ ծրագրեր ուղիղ եթերում, որոնց ժամանակ կքննարկվի ամեն ինչ։ «Այդպիսով կփորձենք սոցցանցերում ավելի ակտիվ հեռուստադիտողներին բերել մեր դաշտ»,-ասաց հեռուստաընկերության նորանշանակ տնօրենն ու հայտնեց, որ իրենց առաջարկները նոր և ավելի թարմ մատուցմամբ են։

«Արմնյուզի» լսարանի փոփոխություն Հրաչ Քեշիշյանը չի ցանկանում։ «Մենք ուզում ենք ավելի երիտասարդ հեռուստադիտողներին գրավել դեպի մեզ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ուզում ենք կորցնել մեր լսարանաին։ Ավելին՝ մեր մեկ ամսվա անցումային եթերաժամանակը ցույց տվեց, որ «Արմնյուզի» վարկանիշը բարձրացել է գրեթե 2 անգամ։ Մենք ոչ միայն չենք կորցրել մեր հավատարիմ հեռուստադիտողին, այլև ավելացրել ենք  լսարանը»,-վստահեցրեց նա և նշեց, որ «Արմնյուզի» հիմնական գիծը չի փոխվել, ինչի ապացույցը Հովհաննես Թումանյանին ծննդյան, Գիրք նվիրելու, Հայոց բանակի և մի շարք այլ կարևոր օրերին ծավալուն անդրադարձերն են։ «Փետրվարի 28-ին ամբողջությամբ անդրադարձել ենք Սումգայիթյան ջարդերին։ «Արմնյուզի» բոլոր ավանդույթները շարունակական են լինելու»,-շեշտեց նա։

Նա հայտնեց, որ եթերաշրջանում կհեռարձակեն նաև փաստագրական ֆիլմեր, որոնց վրա աշխատել են հունվար-փետրվար ամիսներին։ Հրաչ Քեշիշյանի փոխանցմամբ՝ «Անցյալը ներկա է» փաստագրական ֆիլմերի շարքը պատմում է հայտնի մարդկանց կյանքի և ստեղծագործական ուղու մասին։

Հեռուստաընկերության տնօրենի խոսքով՝ նոր ձևաչափը որոշելիս առաջնորդվել են ամեն բան նոր, թարմ, երիտասարդական ուժերով ներկայացնելու սկզբունքով։ «Փորձելու ենք ստեղծել հայկական հեռուստատեսության նոր հետուստադեմքերի տիրույթ»,- ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ «Արմնյուզը» դառնալու է երաժշտական ժամանցային ալիք՝ հեռուստաընկերության տնօրենն ասաց, որ նման բան չկա։ «Միանշանակ չի կարելի ասել, որ «Արմնյուզը» դառնում է  ժամանցային, այն մնում է լրատվական տեղեկատվական ալիք՝ իր հեռուստատեսային էլեմենտներով»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ շոու բիզնեսը ևս լիարժեք ներկայացված է լինելու «Արմնյուզում», քանի որ հեռուստատեսությունը պարտավոր է անդրադառնալ իր երկրի հայտնի մարդկանց։ Ըստ նրա՝ հեռուստատեսության և հայտնիների համագործակցությունը փոխլրացնում են միմյանց։

Արձագանքելով տարածված խոսակցություններին, որ «Դար 21»-ի դեմքերին հրավիրելով «Արմնյուզ»՝ Հրաչ Քեշիշյանը փորձել է հարված հասցնել ժամանցային մյուս հեռուստաալիքին՝ նա ասաց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի որևէ մեկին աշխատանքային առաջարկ անել։ «Ես իրավունք ունեի առաջարկ անել, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ընդունի՞ այն, թե՞ ոչ, իսկ ուզում եմ բերել, թե ոչ, դա արդեն սովորական լեգենդների շարքից է, որը կարող է տարածվել ցանկացած հայտնի մարդու անվան շուրջ,-ասաց նա ու հավելեց,-եթե խոսքը Դիանա Մալենկոյի մասին է, նա առաջին հերթին իմ ուսանողն է։ Ես եմ եղել այն մարդը, ով հանձնաժողովում նրան ընդունել է ինստիտուտ։ Մյուս աշխատակիցները, ովքեր ինչ-որ ժամանակ աշխատել են «Դար 21»-ում, վաղուց այլևս չեն աշխատում այնտեղ»։

«Արմնյուզի» նոր դեմքերն են լինելու Դիանա Մալենկոն, Մարինա Գրեգը, Արտակ Վարդանյանը, լրատվական բլոկում՝ Լուսինե Մուրադյանը, Տաթևիկ Գասպարյանը, Ժիրայր Ոսկանյանը։ Ինչ վերաբերում է լրագրողական կազմին, նա ասաց, որ բոլորը փորձառու են, քանի որ այդ թիմը նախկինում էլ աշխատել է «Արմնյուզում»։

Հեռուստաընկերության տնօրենը նշեց, որ կարևորում է նաև հետադարձ կապը, ինչի համար իրենք շատ ակտիվ են լինելու համացանցում և ակնկալում են ակտիվ արձագանքը։ «Մեծ հույս ունենք, որ լավ համագործակցություն կունենանք նաև BlogNews.am-ի հետ, որովհետև եթերում պիտի ունենանք նաև բլոգային եթերաժամեր՝ ներգրավելով մարդկանց, ովքեր ակտիվ են բլոգոսֆերայում»,-եզրափակեց նա։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել