Բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչով ավարտվեց Եռյակի նախաձեռնած իշխանափոխությունը։ Չկարծեք հանկարծ, որ այն, ինչ կգրեմ հիմա, պարզ չարախնդություն է։ Ոչ, մտադրություն չունեմ այդպես վարվելու։
Բազմիցս գրել եմ, որ իշխանափոխություն կարելի է կատարել՝ միմիայն նրան հակադրելով համարժեք հզորության մի ուժ։ Այդ ուժը կարող են լինել ժողովրդական լայն զանգվածների համատարած ու մասսայական բողոքի ակցիաները, մտածված ու խելոք թիմի առկայությունը որևէ կուսակցության կամ շարժման տեսքով՝ զուգակցված որոշակի ֆինանսա-տնտեսական ռեսուրսներով, կարող է լինել արտաքին լուրջ օժանդակությունն այս կամ այն հզոր պետության կողմից և այլն։ Մի խոսքով, ուժ է պետք, առանց ուժի այս ասպարեզում արդյունք չես ապահովի։
Կազմավորվել էր նման մի ուժ՝ ի դեմս Քառյակի, որը հետո Եռյակ դարձավ, և որն էլ հետո հայտնի դեպքերի արդյունքում լրիվ չեզոքացվեց։
Խոսքիս իմաստը հետևյալն է։ Արդյո՞ք այդ ուժն իրոք կազմավորվել էր։ Լուրջ կասկածում եմ այս հարցում։ Բացատրեմ՝ ինչու։ Եթե գնում եք իշխանափոխության, ուրեմն պիտի իշխանության ցուցաբերած դիմադրության բոլոր հնարավոր տարբերակները մտածած, վերլուծած լինեք ու նրանց դեմ համարժեք գորողությունների ծրագրեր մշակած լինեք։ Եթե չեք արել նման բան, ուրեմն թերի է կատարված գործը։
Ի՞նչ է, ձեզ թվում էր, որ հենց ասեք՝ իշխանափոխություն եք կատարում, իշխանությունը պիտի ծաղկեփնջերը ձեռքները բռնած՝ ձեզ ցնծությամբ դիմավորե՞ր ու ասեր՝ եկեք, տղաներ, եկեք, մեզ ռադ արեք իշխանության միջանցքներից, մեր աթոռները ձեզ հալալ եղբոր պես զիջում ենք, վերցրեք ու երկիրը շենացրեք։ Թե՞ պիտի դիմադրեր իրեն հասանելի բոլոր ձևերով ու մեթոդներով, ինչը և արեց նա։ Իսկ դուք նրա այդ արածին ի՞նչ դեմ տվեցիք։ Փաստորեն, դեմ տալու ոչ մի բան էլ չէիք նախատեսել՝ բացի ախ ու վախ անելուց, Բուրժուա Գագոյին տանը նստեցնելուց ու հարգելի Նաիրաjին կուսակցապետ դարձնելուց։ Այս էր ամբողջ թոհ ու բոհը, թոզ ու դումանը։ Զրո արդյունք և մեկ կուսակցության անէացում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել