Քո մեջ հրդեհ է, այնքա՜ն ցանկալի, Կարծես մի ամբո՜ղջ աշխարհ է այրվում, …Խեղդվո՜ւմ է, ձգո՜ւմ զսպաշապիկին Փողրակը ռետինե վանդակում: Հասունության պատը շա՛տ է բարակել, Ուր որ է ասես պիտի՛ պատռվի… …Թափառախումբն էլ հերթի է կանգնել՝ Սպասելով կարմիր տագնապի ձայնին: Վխտում են ներսում, ասես խավարում Սիրո բազմաթիվ քրմեր արբեցած, Տարրալուծվո՛ւմ է մարմնի ծալքերում Նրանց շքերթը՝ դեռ կյանք չտեսած: Ու թաքնվո՜ւմ են կառչած բառերին, Կծկվո՜ւմ, ձգվո՜ւմ են կիրք- տողերի տակ, Բառերը շարժում են հե՜նքը տողերի … Կարծես լսվում է մանկան թոթովանք: …Դա պատասխանն է հնչող հառաչի- Կիսաբառերի հոսքով միալար, …Ծա՜նր է ապրումը մարմնի կանացի, Անկարող հսկել ձա՜յնը խելագար… … Մերկացած միտքը արև սրսկված, Դառնում է մի օձ՝ գալարվող անվերջ, Ու քլթքլթում է գինի չդառած Մաճառը փափուկ հավկիթների մեջ: Արևի կարոտ ծիրանաձևը հասունանում է, Ճաքում է քաղցրից, Քնից արթնացած կրքերի դևը` Որդան կարմիրը ժպտում է ներսից: Գիշեր-անտառի սաղարթին բազմած, Տարուբերվում է սիրո մեղեդին, Ալվան տիրուհին երախը բացած, Իրեն է ձգում սոված վիշապին: Սապատներն ուղտի լցվում են գինով, Պռնկեպռունկ եռում են հպում, Տիրուհին երկտակ, պապակ շուրթերով Արևահամի գինի է ըմպում: Կաթիլ առ կաթիլ բաժակն է լցվում Թանձր մածուկը բանականության, Հաշիշ ծաղիկին ցողով է ցայում, Ադամաթուքը Նորին մեծության: Ու կիրք է երակ-ճամփեքով բոլոր, Շոգ անապատ է արևից կիզիչ, Ու անապատը հևում է օրօր, Ու տաք փրփուր է ծորում կակաչից: …Շուրջը ավա՞րտ է, թե՞ վերջն աշխարհի, Երազ Դրախտը Դժոխք է դառնում, ….Քո մեջ հրդեհ է, այնքա՜ն ցանկալի, Կարծես մի ամբո՜ղջ աշխարհ է այրվում։ Ս. Ումառ - Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել