Վերջին շրջանում քաղաքական դաշտում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները բազմաթիվ վերլուծությունների ու քննարկումների առիթ տվեցին: Կիզակետում ԲՀԿ առաջնորդի հրաժարականի ու դրա հետևանքների մասին լուրերն էին:

ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր հռչակվելուց հետո բազմաթիվ գործարարներ սկսեցին լքել կուսակցության շարքերը: Լուրեր էին պտտվում, որ ԲՀԿ առաջնորդի հետ կուսակցությունից հեռանալու էր ողջ ապաքաղաքական զանգվածը, և մնալու էր միայն քաղաքական թևը:

Ինչևիցե, եղավ ԲՀԿ համագումարը, Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, իսկ Նաիրա Զահրաբյանն էլ նշանակվեց կուսակցության ղեկավար: 
Սակայն ամեն ինչ չեղավ այնպես, ինչպես սպասվում էր: Իհարկե, ապաքաղաքական զանգվածը գրեթե ամբողջությամբ լքեց կուսակցությունը: Սակայն նրանց հետ մեկտեղ՝ քաղաքական թևի ակտիվ ներկայացուցիչներից Վահե Հովհաննիսյանը 168 ժամ.ամ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ չի ներգրավվելու կուսակցական, ներքաղաքական որևէ գործընթացում, իսկ Տիգրան Ուրիխանյանն էլ այսօր հայտնեց մամլո խոսնակի պաշտոնից դուրս գալու մասին, ավելին` նրա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նույնիսկ դեռ պարզ չէ, թե արդյո՞ք նա կմնա ԲՀԿ-ի շարքերում, թե ոչ:

Ստացվում է այնպես, որ ապաքաղաքական զանգվածի հետ մեկտեղ՝ ակտիվ քաղաքական գործիչների շրջանում նույնպես պասիվանալու, որոշ դեպքերում նաև կուսակցությունը լքելու միտում է նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել