Ժամանակին հայտնի մի փիլիսոփա ասել է. «Աշխարհում ընդամենը երկու բան կա՝ մատերիա և էներգիա»: 
Հիմա, մեր հասարակության մեջ էլ էներգիայի որոշակի չափ կա, դա կամքն է, ցանկությունը, կիրքը, ինտելեկտը, վճռականությունը և այլն. հոգևոր բոլոր այն ուժերն ու ներուժերը, որոնք մեզ մղում են ինչ-որ բան անելու: Եվ այդ էներգիայի մի մասը մենք ծախսում ենք քաղաքականության վրա:
Վերջին երկու տարվա ընթացքում, որոնց անցել են նախագահական ընտրություններից, քաղաքական դաշտում այնքան շատ և ծանրամարս իրադարձություններ տեղի ունեցան, որ սպառեցին հանրության քաղաքական էներգիան: Եվ այսօր հանրությունը բավականին հոգնած-սպառված-անտարբեր է քաղաքականության հանդեպ: Եվ դա ունի իր դրական կողմը. մեզ քաղաքական էներգիա է պետք կուտակել մինչև 2017 և 2018 թվականները, որոնք լինելու են ընտրական տարիներ՝ ԱԺ և Նախագահի ընտրությունների տարիներ:

Այնպես որ, եթե Հայաստանի քաղաքական համակարգում չլինի ֆորսմաժորային իրավիճակ՝ կապված քաղաքական որևէ ֆիգուրի անսպասելի մուտքի կամ ելքի հետ, ապա մենք կկուտակենք բավական էներգիա՝ ցանկություն, կամք, ինտելեկտ, փորձ, գիտելիք և այլն՝ հերթական համապետական ընտրություններին մարդավարի մասնակցելու համար, ինչը զգալի ձեռքբերում կլինի հասարակության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել