Մինսկում կնքված զինադադարի համաձայնագիրը քչից-շատից պահպանվում է առ այսօր։ Համենայն դեպս՝ հակամարտության «պաշտոնական» կողմերի մակարդակով։ Սա իրոք ձեռքբերում կարելի է համարել, ու նույնիսկ էական չէ այն, որ երկու կողմերում էլ (հատկապես ուկրաինական) փաստացի ոչ ոքին չենթարկվող «կամավորական» խմբավորումներ են գործում, որոնք թքած ունեն ցանկացած համաձայնագրերի ու պայմանավորվածությոնների վրա, ու քանի որ ոչ մեկի առջև փաստացի հաշվետու չեն, անում են՝ ի՜նչ ուզեն, ու դա մենք լսում ենք լուրերում՝ որպես ուկրաինական ուժայինների կամ էլ ապստամբների դիրքերի հերթական գնդակոծություն կամ էլ հրետակոծություն։

Ուկրաինական ճգնաժամում հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որը կարծես թե պատային է երկու կողմերի ու այդ կողմերի հովանավորների համար։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ պաշտոնական Կիևն ի զորու չէ զենքի ուժով գրավել ու ճնշել միլիոնավոր մարդկանցով բնակեցված Արևելքը, որտեղ մարդիկ իրենց մեծամասամբ պատրաստ են թեկուզ սատանայի հետ դաշինք կազմել, քան ճանաչել այն իշխանություններին, որոնք հրետակոծում են իրենց բնակավայրերը, սպանում իրենց երեխաներին, սովամահ ուզում անել տարածաշրջանը։ Ակնհայտ է նաև, որ բառիս բուն իմաստով կոլապսի մեջ գտնվող ուկրաինական տնտեսությունն այլևս ի զորու չէ ապահովել Կիևի իշխանության ներքո մնացած բնակչությանը, և մարդկանց վիճակն էլ ավելի վատանալու է, և դրան զուգահեռ վատանալու է այդ մարդկանց կողմից իշխանությունների և պատերազմի ընկալումը։

Սա խնդիր է Արևմուտքի համար, որտեղ քաջ գիտակցում են, որ նույնիսկ ժամանակակից լետալ զենքի լուրջ խմբաքանակներն էապես չեն օգնելու ուկրաինական ուժայիններին, քանի որ նախ դրանք յուրացնելու խնդիր կա, երկրորդն էլ՝ նույնիսկ այդ տեխնիկան շառով-խերով յուրացնելը դեռ շեշտակի առավելություն չի տալիս ուկրաինական զորքերին ապստամբների հանդեպ։

Ամենայն հավանականությամբ, ինչպես էլ զինեն ամերիկացիներն ու եվրոպացիներն ուկրաիական ԶՈւ-ն, դրանք ջարդ են ուտելու ու ոչ այնքան նրա համար, որ ադրբեջանցիների պես վատ են կռվում, այլ նրա համար, որ չունեն ոչ մոտիվացիա, ոչ էլ բավարար ուժեր, այդ հսկայական տարածքը, որտեղ առավելապես իրենց որպես թշնամի են ընկալում, հրով ու սրով գրավելու համար, էլ չասեմ այն, որ ցանկացած արևմտյան միջամտության հետևելու է համարժեք ռուսական միջամտություն. սկսեն պաշտոնապես զենք տրամադրել՝ Ռուսաստանն էլ կսկսի պաշտոնապես զենք տրամադրել, ինստրուկտորներ սկսեն ուղարկել՝ ռուսներն էլ նույնը կանեն, զորքեր մտցնեն՝ ռուսներն էլ կմտցնեն, իսկ դա կարող է ամենաանկանխատեսելի ու ողբերգական հետևանքներն ունենալ, ընդհուպ մինչև միջուկային հարվածների փոխանակում։

Ուստի այս իրվաիճակը շահավետ չէ ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ առավել ևս Ուկրաինայի ու Դոնբասի համար, դրա համար էլ առավել քան հավանական է, որ կոնֆլիկտի դեէսկալացիան շարունակվի, և Ուկրաինայում իրոք սկսեն կոնֆեդերատիվ պետություն ստեղծելու համար սահմանադրական ռեֆորմներ անցկացնել։ Համենայն դեպս, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Մինսկում, որը թեև պարտադիր ուժ չունի, սակայն գոնե նշմարելի է դարձնում այս հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ճանապարհը։ Ողջ հարցը նրանում է, թե որքանով է Պորոշենկոն պինդ նստած իր գահին, ու որքանո՞վ նրա ռեժիմը կենսունակ կգտնվի, երբ Ուկրաինայում սկսեն ներքին լուրջ ցնցումներ, որոնք էլ ավելի կկատալիզացվեն կոնֆեդերատիզացիայի ու դրան դեմ արտահայտվող ծայրահեղական էլեմենտների հակազդեցության արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել