Գիտեմ, որ հիմա շատերին կհանեմ իմ դեմ, բայց վերջապես պիտի ասեմ այն ճշմարտությունը, որը երկար ժամանակ պահել եմ իմ մեջ: Չէի խոսի, չէի ասի, եթե համացանցում նորից չհայտնվեր վաղամեռիկ դերասան Երվանդ Ենգիբարյանի մոր՝ տիկին Լիանայի պատմությունը: Թող ինձ ներեն բոլորը. Երվանդը՝ երկնքում, իմ շատ սիրելի Ալեքսանդր Սամսոնիչը, իմ շատ գործընկերներ, Երվանդի հայրը՝ Ժակ Ենգիբարյանը, որին ճանաչում ու հարգում եմ 1973 թվականից:
Տիկին Լիանան հակասական լուրեր է տարածում, թե ինքը դիմում է գրել ու հեռացել Ստանիսլավսկու անվան թատրոնից, որովհետև իրեն նեղել են, որովհետև թատրոնում անպատշաճ են համարել նրա խոսքը հեռուստատեսությամբ այն մասին, որ որդին վաստակավոր արտիստի կոչում էր ուզում, բայց չտվեցին նրան, այլ այդ կոչմանն արժանացան անարժանները...
Երվանդ, Վանդիկ, մեկ անգամ էլ ներեք ինձ, բայց չեմ կարող լռել: Երվանդ Ենգիբարյանն ընդամենը 30 տարեկան էր, Ստանիսլավսկու անվան թատրոնի շնորհալի դերասաններից մեկն էր, բայց բացառիկ չէր և ոչ էլ եզակի: Պարզապես թատրոնում քիչ էին երիտասարդները, և Վանդիկն իր տեղն ուներ: Նա երկու անգամ արժանացել էր «Արտավազդ» մրցանակի: Այ, այս դեպքում պիտի ասեմ, որ, որ կային շատ ավելի արժանավորները, առավել տաղանդավորները, բայց ամեն անգամ մեզ ասվում էր, որ Ալկեքսանդր Սամսոնիչը խիստ կնեղանա, որ Վանդիկին «Արտավազդ» չտանք: Եվ դա ասում էին իմ երեսին, երբ նույն պահին ստորաբար ու նենգաբար ժյուրիի որոշ անդամներ ձայն չէին տալիս շատ ավելի շնորհալի մի դերակատարուհու... Ես չէի նեղանա, բայց Ալեքսանդր Սամսոնիչը կնեղանար Վանդիկի համար, ինձ կարելի էր վիրավորել, բայց Վանդիկին՝ ոչ... Կարծում եմ, որ շատերը հասկացան, թե ինչ նկատի ունեմ:
Ալեքսանդր Գրիգորյանը դողում էր Երվանդի համար, նրա համար ամեն ինչ էր անում, պայքարում ու կռվում էր նրա համար: Բայց, ներեցեք, ի՞նչ վաստակավոր արտիստի մասին է խոսքը: Տասնյակ տաղանդավոր մարդիկ՝ 30-40 տարվա դերասանական կենսափորձով, չեն արժանացել այդ կոչմանը, ինչո՞ւ պիտի 30-ամյա Վանդիկն արժանանար... Դրա համար ժամանակ կար... 
Հիմա անամոթություն է այս ամենի շուրջ աղմուկ բարձրացնելը: Երանի՜ ամեն մի դերասան իր թիկունքին այնպիսի մի հայր ու վարպետ ունենար, ինչպիսին ուներ Վանդիկը՝ ի դեմս Ալեքսանդր Գրիգորյանի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել