Տարիներն անցնում են, մենք` ծերանում: Նախկին հասարակարգի հոգեկերտվածքով ապրող մարդիկ գնալով ավելի սակավ թիվ են կազմում, սակայն երիտասարդ սերունդը մինչ պատրաստ լինի ռեալ փոփոխությունների, դեռ մի 7 տասնամյակ էլ պետք է: Այսինքն, թե մեր ծոռները, լավագույն դեպքում, կապրեն լրիվ այլ օրենքներով և այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը կհիշեն որպես Հայաստանի ամենաhետընթաց տարիների տխրահռչակ հուշ միայն: Բայց դա կլինի շատ ու շատ տարիներ հետո, քանզի պատմության դասագրքերի այսօրվա հեղինակները դեռ երկար տարիներ կփառաբանեն ասֆալտի գեներալներին, գողականի ակունքներում կանգնած պատգամավորներին, անգրագետ գիտնականներին, սեփական անուն ազգանունը սխալներով գրող բիզնեսմեններին, անբիզնես օլիգարխներին ու նրանց ձեռներեց կանանց և այլն և այլն: Պատմության գրքերում իրենց ուրույն տեղը կունենան նաև մեր բազմապիսի ընդդիմադիրները, որոնք այդպես էլ չհասկացան, որ, եթե իրենց գործունեության ՕԳԳ-ն տարիների ընթացքում հավասար է մնում միշտ 0-ի, ապա արդեն էական էլ չի վաճառվա՞ծ են նրանք, վաճառակա՞ն են, թե՞ հաճախորդ, ծախվա՞ծ, թե՞ ուղղակի հավերժ անհաջողակ: Փաստն այն է, որ վերջին տարիներին այս կամ այն պատճառով ընդդիմության որևէ լիդեր չկարողացավ իր խոստացածի գոնե 1 տոկոսը իրականացնել: Պատճառները թող յուրաքանչյուրը իր տեսանկյունից ներկայացնի, բայց իրականության դեմ հնարավոր չէ մեղանչել: Ժողովրդի վիճակը գնալով շատ ավելի վատացավ, իսկ լիդերներից յուրաքանչյուրն ընտրեց պարտության իր սեփական ուղին: Ի դեպ, հանուն ճշմարտության ասեմ, որ այդ լիդերներից որևէ մեկի բարեկեցիկ կյանքը տարիների ընթացքում դույզն-ինչ չտուժեց:
Օրեր առաջ ընկերներիցս մեկին ասեցի, որ Հայաստանում լինելու է այլ որակի հեղափոխություն` հեղափոխություն առանց լիդերի: Ընկերս հակադարձեց, որ նման բան անհնար է` «իսկ ո՞վ պիտի առաջնորդի ժողովրդին»: Բնականաբար, առանց լիդեր հեղափոխություն անելը համարյա թե անհնար է, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ, այսպես կոչված կրիտիկական մասսան Հայաստանում ապահովելը անհնար է դարձել արտագաղթի պատճառով: Բայց միևնույն է, կա ժողովուրդ, որի ծանրակշիռ մասը ուղղակի ատում է իշխանություններին և ապրում է օրվա հացով: Այո՛, օրվա հացով: Իշխանություններին հաջողվեց այդ կրիտիկական մասսայի մի մեծ հատվածին այնպիսի վիճակում գցել, որ վերջիններս նախընտրեն ստորացված ապրելը համարձակ քայլերից: «Կիսաքաղցած մարդը հեղափոխություն չի անի» կարգախոսով առաջնորդվելով` որոշ «բարերարներ» սկսեցին օրական հաց ու պարենային այլ ապրանքներ բաժանել ժողովրդին` վերջնականապես չեզոքացնելով վտանգը, որ երբևէ հնարավոր է սպասվեր նրանցից, մյուսներին ուղղակի վախեցրին, կոտրեցին և դարձրեցին կամակատարներ:
Տարիներ առաջ հասակակիցներս կհիշեն «Հայլուր» ծրագրով անմեղ կատակը հեղաշրջման մասին, ոտքի հանեց ժողովրդին: Օրեր առաջ ընդդիմության բացահայտ ֆիասկոն կանխելու համար որևէ մեկը ոտքի չկանգնեց...
Ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը շատ երկրներում հեղափոխության շարժիչ ռեսուրս էր, Հայաստանում վերածվեց հեղափոխության կանխման ամենաարդյունավետ գործիքի:
Սրանք զուտ փաստեր են:
Հիմա էլ իշխանության համար մեկ խնդիրն է նոր ընդդիմության ստեղծումը, և այդ նպատակով արդեն տենդերը հայտարարված է: Իշխանությունը չի կարող առանց ընդդիմության: Քաղաքակիրթ աշխարհի համար դա անընդունելի է: Բայց իշխանությունների մարդկային ռեսուրսների բազան էլ սպառված է` երկու իրար հետ կապ չունեցող նախարարություների միավորումը ձեզ օրինակ` նախարարի թեկնածու չունենալու պատճառով: Կարևորագույն պաշտոններ են թափուր մնացել, հիմա էլ արի ու չբացահայտված յուրայիններից ընդդիմադիր առաջնորդ գտիր: Բայց և այնպես շատ շուտով մենք կունենանք նոր ընդդիմություն` ավելի լաչառ ու ավելի համոզիչ: Նա կսկսի աջ ու ձախ հայհոյել իշխանություններին, և իշխանությունը նրա գլխին չի կտցնի, որովհետև դա իր ընդդիմությունն է, որովհետև նախկին բոլոր սեփական ընդդիմություններն արդեն գնացել են թոշակի: Ու մենք որքան էլ որ հիասթափված ենք ամեն ինչից, կշարունակենք հավատալ ու պայքարել:
Իսկ տարիներն անցնում են, մենք` ծերանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել