Թեև չեմ սիրում ՖԲ-ում խոսել լուրջ թեմաներից, սակայն առանց բացառությունների ոչինչ չի լինում` այդ թվում նաև իմ ֆեյսբուքյան գրառումները։ 
Հայաստանի քաղաքական դաշտը մինչև վերջ փոշիացած է։ Եվ հավատացեք, ոչ այն պատճառով, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ։ Մեր քաղաքական դաշտը փոշիացած էր դեռ 5 տարի առաջ։ Անգամ 10 տարի առաջ։ Իհարկե, պրոցեսը սկսել էր շատ ավելի վաղ, երբ Հայաստանում սկսեցին ծնվել տարատեսակ արհեստական կուսակցություններ` առանց որևէ գաղափարախոսության և նպատակի։ Այդ կուսակցություններ ստեղծելու միակ նպատակը միշտ եղել է ԱԺ-ում, իշխող կուսակցության մանդատներից զատ, ունենալ առավելագույն քանակի վերահսկվող մանդատներ։ Հիշեք «Շամիրամը», հետո «Օրինաց երկիրը», հետո «Միավորված աշխատանքային կուսակցությունը», հետո «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը»։ Եվ սա միայն այն կուսակցություններն են, որոնք տարբեր ընտրություններում, այս կամ այն չափով, որոշակի հաջողություններ են գրանցել։ Եվս մի քառասուն կամ հիսուն կուսակցություն էլ ստեղծվել են էլ ավելի աննպատակ` պարզապես որ ինչ-որ մի ամբիզիոզ կերպար այս կամ այն ասուլիսին հայտարարի, որ ինքը կուսակցության նախագահ է։ Վերջին ընտրությունների ժամանակ հենց այդ մարդ-կուսակցությունների մի հատվածը համալրեց ավելի ռեսուրսաշատ կուսակցությունների համամասնական ցուցակները։ Բայց դրանից քաղաքական դաշտը չէր կարող առողջանալ։ Ավելին, դաշտի փոշին խառնվեց իրար և դարձավ «թոզ ու դուման»։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օլիգարխիան, թաղային և մարզային հեղինակությունները (հիմնականում տգետ և անկիրթ) մեծամասնական մանդատները վաղուց արդեն դարձրել եմ «մշտական աբոնեմենտ», կարելի ասել, որ հայաստանյան քաղաքական դաշտի փոշին, խառնվելով ինչ-որ կեղտաջրերի հետ, դարձել է ցեխ, որից անհրաժեշտ է դուրս գալ։ Դրա ելքը մեկն է։ Նախ բոլորը պետք է փաստեն, որ ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ։ Պետք է գիծ քաշել, համատեղ գրել խաղի նոր կանոններ ( որոնք պարտադիր կլինեն բոլորի համար, և, որոնք խախտելը չի ներվի ոչ մեկին` անգամ ամենամտերիմ յուրաիններին)։ Քաղաքական դաշտում պետք է գործեն բացառապես քաղաքական գործիչները։ Բոլոր քաղաքական ուժերի կողմից ներկայացրած ծրագրերը պետք է լինեն ոչ թե փուչիկ-պոպուլիստական, այլ ծրագրի իրականացման կոնկրետ մեխանիզմների հիմնավորումներով և ժամկետներով։ Հաղթող ուժը ծրագրի յուրաքանչյուր չկատարված կետի համար պետք է հաշվետվություն ներկայացնի տարեվերջյան հաշվետվության ժամանակ։ 
Հակառակ պարագայում մեր ժողովուրդը 2-3 տարին մեկ հիասթափություն է ապրելու, սկսվելու է արտագաղթի հերթական ալիքը, մինչև այն պահը, երբ Հայաստանը կդառնա սփյուռքահայության «ԴԱՉԱ»։ 
Հարգարժան երեք Նախագահներ։ Հարգելի քաղաքական և պետական գործիչներ։ Մեկ անգամ արեք դա՝ մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները։ ՔԱՆԻ ԴԵՌ ՈւՇ ՉԷ...... Թեև, կարող է արդեն ուշ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել