ԲՀԿ-ի հետ կապված վերջին զարգացումներն ու դրանց հանգուցալուծման նման սցենարը երկակի տրամադրություն են առաջացրել ինձ մոտ: Մի կողմից, իհարկե, հատկապես հոգեբանական տեսանկյունից անչափ մտահոգիչ է, երբ ընդդիմադիր ուժերի (վերջին շրջանում ԲՀԿ-ի առաջնորդությամբ) հետ որոշակի հույսեր կապող, իրապես դրական փոփոխություններ ակնկալող հայ հասարկության որոշակի հատված դարձյալ ձեռնունայն մնաց, խորը հիասթափություն ապրեց՝ տևական ժամանակ ապավինելով մի կառույցի, որի գործունեությունն, առկա խնդիրների առնչությամբ առաջարկվող լուծումները դժվար է քաղաքական գնահատել: Իր ձևավորման և կայացման ճանապարհին ԲՀԿ-ն առավելապես վերածվել էր ոչ այնքան դասական առումով քաղաքական ուժի, որքան՝ մարդ-կուսակցության (հենց վերջին հանգամանքով է նաև պայմանավորված Բարգավաճի դեմ իշխող կուսակցության արշավի բնույթը)՝ հետևաբար նաև իր գործունեությունը ծավալելով հենց այդ ելակետային դիրքերից: 
Իսկ դրական ակնկալիքների առումով՝ վերջին գործընթացներով ազդեցությամբ ստեղծված իրավիճակը և արդեն ուրվագծվող զարգացումները որոշակի հույս են ներշնչում, որ մրցակցությունը, պայքարը կուսակցությունների միջև անձնական, նյութական դաշտից հետայսու կտեղափոխվեն հիմնականում գաղափարական, քաղաքական հարթություն՝ հետզհետե լուսանցքում թողնելով քաղաքականությունից հեռու նեղ անձնական, ֆինանսական շահեր հետապնդող բոլոր այն գործիչներին, ովքեր ժամանակին կուսակցություն էին ներկայացնում, մինչդեռ իրավիճակային թելադրանքով ոչ միայն կողմնորոշում են փոխում, այլև անգամ ճամբարափոխ լինում՝ սասանելով նրանց սեփական շարքերն ընդունած քաղաքական ուժի հիմքերը. անխոս, վերոնշյալն արդեն սկզբունքային կարևորություն ունեցող հանգամանք է:
Ի մասնավորի, ԲՀԿ-ի հետ կապված, մնում է հուսալ, որ մինչ առաջիկա համապետական ընտրությունները կուսակցությանը կհաջողվի կարգավորել ներքին խնդիրները, ինքնամաքրվել, վերագտնել սեփական ընթացքն ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ երկրի օրենսդիր մարմնում, քանի որ, ի վերջո, խոսում ենք հայրենի քաղաքական ներկապնակի՝ արդեն հստակ ընդդիմության շարքերից հանդես եկող երկրորդ ազդեցիկ ուժի մասին:
Իսկ ամենամեծ ակնկալիքս վերջին գործընթացներից այն է, որ ԲՀԿ-ի և նրա շարքերը լքած տարբեր մասշտաբի և դիրքի արդեն նախկին կուսակցականների օրինակն ուսանելի կլինի ինչպես ընդհանուր քաղաքական ուժերի, այնպես էլ դրանց կազմում եղած, բայց քաղաքականության հետ նվազագույն աղերս չունեցող ոչ սակավաթիվ անձանց համար՝ պայմանավորված իրենց նախկին ընկերոջ, գործընկերոջ, հակառակորդի ճակատագրին չարժանանալու մտավախությամբ: 
Ի վերջո «Դոդի Գագոյի» ֆենոմենը մեզանում եզակի չէ, և հուսով եմ՝ «ակտիվ քաղաքականությունից հեռանալու, կուսակցական գործունեությամբ այլևս չզբաղվելու» վերաբերյալ որոշումները ևս եզակի չեն լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել