Մենք տոտալիտար անցյալով կայսրության մաս կազմող ժողովուրդ ենք։ Հիմա էլ կամաց թեքվում ենք դեպի ավտորիտարիզմ։ Ընդ որում, անկախ չենք, մեր իշխանության աննկարագիր պահվածքի հետևանքում, որն ապաշնորհ է և մարտնչող ամեն նորի դեմ։

Իսկ պատուհանից այնկողմ արդեն մեկ ուրիշ դար է։ Դեպքերն ու իրադարձություններն իրար հաջորդում են անասելի արագությամբ։ Դեռևս Նյու Յորքի երկնաքեր շենքերի պայթյունն էր այն ահազանգը, թե ետպատերազմյան աշխարհի վերջն եկել է։

Իսկ մենք քնած ենք։ Քնած ենք ու ստիպված ենք լքել հայրենիքն ապրուստի միջոցի համար։ Իսկ լքում են նրանք, ովքեր ի զորու են մեկ այլ երկրում նորից սկսելու ու հարկեր վճարելու օտար պետությանը։ Այսինքն, միջին դասը, որը գուցե երբեմն չի առանձնանում հայրենասիրական պաթոսով, բայց հայ ժողովուրդի հատվածն է իր քաղաքական նկրտումներում՝ մեր ժողովրդի այն անկախ խավն է, որն ընտրություն կկատարեր առանց ընտրակաշառքի։ Միջին դասի բացակայությունը լուրջ հիմքեր է տալիս իշխանության վերարտադրության համար։

Զգացմունքային ենք։ Ամեն ինչ վեր ենք լուծում, մերկացնում առանց բարոյական արգելակների։ Նորությունն այն մասին, որ ա տեղում դիակ է հայտնաբերվել, չի տանում այն եզրահանգման, թե մարդ է մեռել, հայ մարդ, որը կարող էր հերոս ծնել, այլ հայտնաբերում ենք նրանց կապը մկան կամ կատվի հետ։ Սրանք էլ, ենթադրում եմ, մեր քաղաքական գործիչներն են։ Ընդհանրապես, մենք պարոն այսինչյան չունենք։ Մականուններ են ու երկուստեք արհամարհանք։ Օտար երկրի նախագահը մեզ համար կամ Աստված է (Պուտինը), կամ ստահակ։ Միջին գոյություն չունի։ Քաղաքական գործիչների քայլերն անգամ զգացմունքային են և ավարտվում են տուրուդմփոցով։ Նախագահն անգամ ընթեռնելի է ու ողբերգության աստիճանի պարզ։

Ինքնասիրահարված ենք, կուրացած, մրցում ենք մեզ հետ, ոչ օտարի, մաքսիմալիստ ենք ու քիչ ենք կարդում։ Կարդացողներն էլ հեռանում են։ Հեռացածներին էլ ատում ենք՝ չնայած նրանք շարունակում են պարտաճանաչորեն օգնել Հայաստանի բարեկամներին։ Անհատապես պատրաստ ենք օտար երկրում տեսածը սովորել ու կիրառել, սակայն որպես սոցիում՝ ոչ։

Պակասում ենք, երբ աշխարհում հարյուր միլիոն մարդ ավելանում է տարեկան։ Դա Երրորդ աշխարհն է, որի զգայուն մասն է իսլամականը։ Փաստացի շրջապատված ենք մահմեդական բնակչությամբ, բացառությամբ Վրաստանի մի հատվածի, որը ևս դրական դեմոգրաֆիայով աչքի չի ընկնում։ Ստույգ թվեր չբերեմ ձեր ջղերն ավելորդ չվնասելու համար։

Ի հայտ են եկել նոր վտանգավոր երևույթներ, ասես պանդորայի արկղ լինեն։ Արաբական գարուն, Իսլամական պետություն, ուժեղացող Չեչնիա, Միավորվող թաթարական աշխարհ, թուլացող ու թույլ նախագահի դեպքում՝ մասնատման վտանգի առջև կանգնած Ռուսիա, Ուկրաինական պետության հնարավոր քայքայում ու «Խազարական Կագանատի» վերականգնում կամ Նովոռոսիայի ընդլայնում։ Սրանք առանձին հարցեր են, որոնք արժանի են լուրջ վերլուծության ու վերաբերումի։ Իսկ մենք նման գիտական հաստատություն անգամ չունենք։

Այսօր շատ խոսեցի բացասականի մասին։ Անելանելի վիճակներ չեն լինում, մանավանդ, որ մենք ուժեղ, հարատևող, խիզախ ժողովուրդ ենք, ու Հայաստանը հայ Ժողովրդի մասն է լոկ։ Ուրեմն պիտի միավորվենք մեր երկրի ու հայ մարդու շուրջ՝ այս հարցերը լուծելու համար։ Իսկ այս մասին մեկ ուրիշ անգամ։

Դեպի ԱՐԱՐԱՏ
Դ․Վ․ 05.03.2015թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել