Համաձայն այսօր կառավարությունում հաստատված «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին»՝ 2015թ. ծրագրի, ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է դեպի մարզեր, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրեր: Աջակցություն կցուցաբերվի սկսնակ և գործող փոքր և միջին ձեռնարկատերերին: Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ կավելանա փոքր և միջին ձեռնարկությունների տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում, կզարգանա տնտեսական ցածր ակտիվություն ունեցող տարածաշրջանների ձեռնարկատիրական գործունեությունը, կկրճատվի գործազրկությունը:

Ինչպես նշեց հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այս ծրագրին կուղղվի 150 մլն դրամ: Նա նաև տեղեկացրեց, որ ՓՄՁ-ներին կտրամադրվեն վարկային և ֆինանսական աջակցության երաշխավորություններ:

Ըստ նախարարի՝ վարկային 12 տոկոս տոկոսադրույքի 3 տոկոսը պետությունը կսուբսիդավորի Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցներից, եթե արտադրվող արտադրանքը արտահանման, պաշտպանության կամ ազգային անվտանգության կարիքների համար է: Տոկոսադրույքների վերաբերյալ այս մոտեցումը ընդունելի է համարել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ՓՄՁ-ների համար դրա հատկացման թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել