Դերասան Դավիթ Աղաջանյանը, ով այժմ նկարահանվում է «Ֆուլ հաուս» սիթքոմում և մարտի 9-ից լսարանին կներկայանա նոր կերպարով, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դավիթը դառնում է 23 տարեկան, ինչի կապակցությամբ կեսգիշերին նրան անակնկալ են մատուցել ընկերներն ու սիրելին՝ երգչուհի Աննա Դովլաթյանը։

BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ կեսգիշերին իրեն զանգահարել է ընկերն ու խնդրել իջնել բակ, որտեղ նրան դիմավորել են ընկերը, նրա ընկերուհին և «Hello Kitty»-ի հագուստով ինչ-որ մեկը։) «Նրանք ինձ շնորհավորեցին ու պարզվեց, որ «Hello Kitty»-ի տեսքով Անուլն էր։ Շատ օրիգինալ անակնկալ էր»,-ասաց Դավիթը՝ նշելով, դրանից հետո յուրաքանչյուրը վերադարձել է իր գործին՝ տոնն այսօր շարունակելու ակնկալիքով։

Դերասանի խոսքով՝ օրը պատրաստվում  է անցկացնել աշխատանքային մթնոլորտում՝ «Ֆուլ հաուսի» նկարահանման տաղավարում։ Նա նշեց, որ առաջին անգամ է աշխատանքային տարեդարձ ունենալու։ Թե երեկոն ինչպես կանցկացնի՝ Դավիթն առայժմ չգիտի, սակայն նշեց, որ ընկերների հետ ինչ-որ բան կկազմնակերպեն։

«Քանի որ ամեն օրվա մեջ իմաստն ու ուրախությունը շատ են, ծննդյան տարեդարձերի իմաստն արդեն կորում է։ Չկա մի բան, որի համար այսօրվան հատուկ սպասում եմ»,- ասաց Դավիթը՝ նշելով, որ առանձնապես չի սիրում ծննդյան օրը։ Ըստ նրա՝ վերջին անգամ 15 տարեկանում է սպասել իր ծնունդին։

Տորթի մոմեր դերասանը չի փչում և երազանքներ չի պահում. «Երազանքներ պահելու տարիքից վաղուց դուրս եմ եկել, իսկ նպատակներ միշտ ունեմ, դրանք կապված չեն ոչ տարեդարձիս, ոչ էլ Նոր տարվա հետ»։

Ստացած նվերները բացահայտել նա չցանկացավ, քանի որ դա անձնական է, իսկ ամենաօրիգինալ շնորհավորանքը համարեց հենց սիրելիի անակնկալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել