Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ մի քանի միլիոն բնակչությամբ երկրում քաղաքական օրակարգը հիշեցնում է գվատեմալական հեռուստասերիալ, ընդ որում այնպիսի հեռուստասերիալ, որը նայում ես պարբերաբար անջատվող հեռուստացույցով։ Ընդդիմության կողմից բազմիցս է հնչել այն կարծիքը, որ Հայաստանի իշխանական ու պետական կառավարման համակարգերը գտնվում են ճգնաժամի մեջ։ Սա իրականություն է, բայց թերի իրականություն, որովհետև Հաայաստանում խորը ճգնաժամի մեջ է ողջ քաղաքական համակարգն իր բոլոր բևեռներով ու հատկապես՝ կուսակցական ու ընդդիմության մակարդակում։

Նախ, մենք, կարելի է ասել, չունենք կուսակցություններ։ Շատ մեծ «Եթե»-ով կարելի է ասել, որ քաղաքական միակ ուժը, որը դասական իմաստով կուսակցություն է, ՀՅԴ-ն է։ Իհարկե, կարելի է երկար քննարկել, թե որքանով է հայաստանյան դաշնակցությունը պահպանում իր իսկ կողմից դեկլարացված գաղափարական իդեալները և որքանով է շարունակում մնալ սոցինտերնը ստորագրած կուսակցությանը հարիր առանցքում, բայց երկարամյա կուսակցական ավանդույթներն, այնուամենայնիվ, իրենցն ասում են, և դաշնակցությունն իր գործունեությունում ամենից շատն է տեղավորվում կուսակցություն ասվածի արքետիպում։ Մնացած ԲՈԼՈՐ կուսակցություններն իրականում ոչ ավելին են, քան տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների կոնգլոմերատ, որի անդամների թիվն ու բովանդակությունը կապված է այսրոպեական քաղաքական մթնոլորտի և իրականության հետ։ Դե իսկ գաղափարախոսության, կուսակցական ու կորպորատիվ էթիկայի մասին խոսք էլ չկա։ Ի դեպ, նաև սրա համար է, որ մենք պարբերաբար ականատես ենք լինում առնետավազքի մրցարշավերի։

Սրա հետ մասամբ կապված է նաև ընդդիմության ճգնաժամը։ Մասնավորապես՝ կառանձնացնեի կուսակցական համակարգի անգաղափար կացությունը, երբ քաղաքական ուժերը հենվում են ոչ թե գաղափարախոսությունների ու արժեհամակարգերի, այլ ավտորիտար կատեգորիաների վրա. խմբավորվում են առաջնորդի շուրջ և պայքարում են ոչ այնքան ՀԱՆՈւՆ ինչ-որ բանի, այլ ԸՆԴԴԵՄ ինչ-որ ՄԵԿԻ։ Դրա համար էլ բավական է, որ այդ ընդդիմադիր առաջնորդի իմիջի կամ էլ անձամբ նրա հետ ինչ-որ բան լինի, և այդ ընդդիմության մարմնում քաոս է սկսում, հատկապես, եթե չկա մեկ այլ անհատ, ով կարող է լիարժեք փոխարինել շարքից դուրս եկածին։ Միայն «ԸՆԴԴԵՄ ինչ-որ բանի» պայքարելն ի սկզբանե կոնտրպրոդուկտիվ է, մանավանդ եթե դա արվում է այնպիսի ճամբարով, որտեղ զգալի տոկոս են կազմում մարգինալներն ու այնպիսի գործիչները, որոնք լավագույն դեպքում անտարբերություն են հարուցում ընտրազանգվածի մոտ։

Այսքանով հանդերձ՝ ես կառանձնացնեի երկու առանցքային դրույթ.

1. Քանի դեռ քաղաքական ուժը չի հիմնվում առաջին հերթին գաղափարախոսության վրա (էական չէ թե ինչպիսի՝ կոմունիստական, սոցիալիստական, ժողովրդավարական, անարխիստական ի վերջո...), այն լինելու է ոչ թե կուսակցություն, այլ հեղհեղուկ ու տձև քաղաքական զանգված՝ անկախ իր կողմնակիցների այդ պահի քանակից ու որակից։

2. Ընդդիմության գոյության իմաստը ոչ այնքան ու նույնիսկ ոչ միշտ իշխանափոխությունն է, որքան իշխանությունների վրա հակազդելու ու բալանսավորելու, իշխանությունների հետ ողջամիտ համագործակցության ֆորմատ ձևավորելու ունակությունն է։ Ընդ որում, որքան ավելի քիչ այդ առաքելությունը կախված լինի «քաղաքական Մեսիաների» անձերից, այնքան ավելի ճկուն ու կենսունակ է այդ ընդդիմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել