Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վարկանիշն անկում չապրի, որպեսզի իր մասին «տհաճ» խոսակցություններ չլինեն: Նա մեծ ուշադրություն է դարձնում մամուլի հրապարակումներին և ամեն ինչ անում, որպեսզի պատժվեն բոլոր նրանք, ովքեր նախարարի «անբիծ» իմիջի դեմ ոտնձգություն են անում: Վերջին օրերին նախարարի «կարտոլային» փիլիսոփայությունը դարձյալ պարտադրեց սևեռվել նրան, նորից հայացք հառել նրան ու գլխավորած նախարարությանը՝ տեսնելու, թե ինչով է զբաղված մի ահռելի նախարարություն, երբ մեր գյուղատնտեսությունն օրավուր նոր անկումներ է գրանցում, երբ մինչև այսօր լուծված չեն կարկտահարության դեմ պայքարի հարցերը, երբ դրամաշնորհները չեն ծառայում իրենց նպատակին...
Հենց այս սևեռումների ընթացքում էլ պատահականորեն ծանոթացանք Բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին ու զարմացանք՝ տեսնելով իրեն միշտ համեստ և միայն ու միայն աշխատավարձով ապրող նախարարի դրամական միջոցները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է. Դրամական միջոցներ` 81,200,00 ԱՄՆ դոլար, 75,120,00 եվրո, 174,950,385,00 ՀՀ դրամ: Աշխատավարձի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ տարեկան 5,946,242,00 ՀՀ դրամ: Այսինքն, ստանալով ընդամենը տարեկան մոտ 6 մլն դրամ աշխատավարձ, Սերգո Կարապետյանը կարողացել է մոտ 175 մլն դրամ տնտեսել, ձեռք բերել դոլար և եվրո, և այն էլ՝ շարքային հայաստանցու համար խիստ անհասանելի գումարներ, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ կամ Սերգո Կարապետյանն ունի չբացահայտված ֆինանսական աղբյուրներ, կամ զբաղվում է գործարարությամբ, ինչն արգելվում է օրենքով:
Իսկ թե ինչու օրենքներ խախտող մարդը պատասխանատվության չի ենթարկվում՝ հարցնենք Էթիկայի կիսամեռ հանձնաժողովին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել