Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրգործով մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել խուլիգանության, հասարակական կարգ խախտելու հոդվածներով:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: 
Պետությունը ճիշտ է վարվում՝ քրեական պատասխանատվության ենթարկելով քրեորեն հետապնդվող արարքներ կատարած անձանց: Օրենքն ասում է, իսկ պետությունը խոսում է օրենքի անունից և գործում է օրենքի ուժով, որ երկրում խուլիգանությունը, զանգվածային բախումները չպետք է տեղի ունենան:
Եթե շարժվում ենք այս տրամաբանությամբ, ապա Գյումրիի դեպքերի կասկածյալները և ընդհանրապես բոլորը պետք է իրենց հերթին էլ պետությանը պատասխանատվության ենթարկեն, ավելի մեծ պատասխանատվության, այն է` իր պարտավորությունները կատարելու անունակության համար: Ո՞րն էր պատճառը Գյումրիի դեպքերի: Այն, որ պրն Պերմյակովը բաժին հասավ ռուսական կողմին, այն, ինչ պետք է մնար հայկական կողմի իրավասության տակ, քանզի հանցանքը կատարել էր Հայաստանի տարածքում, և այս բանը տեղի չունեցավ միայն ՀՀ իրավապահ մարմինների, մեղմ ասած, ապաշնորհության պատճառով: Հետևաբար, եթե պետությունն ի դեմս իր ոստիկանության ապաշնորհություն է թույլ տվել և հրահրել անկարգություններ, ապա կամ հրաժարվելու է որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելուց, կամ հուշում է գյումրեցիներին, թե ինչպես նրանք վարվեն իր պետության հետ: Այլընտրանք այստեղ չկա…
Իհարկե, ՀՀ ղեկավարության բանուգործերից մեկն էլ այն է, որ պարբերաբար խոսում են իրավական պետության, օրենքի առջև հավասարության, այլ գեղեցիկ բաների մասին: Եվ սա հույս է ներշնչում, որ ղեկավարությունը Գյումրիի դեպքերի հետ կապված ճիշտ, օրինական և բարոյական որոշում կընդունի: Հակառակ դեպքում կյանքն Հայաստանում էլ ավելի զզվելի կդառնա: Բա մարդիկ չեն ասի, թե` այ փալասներ, չկարողացաք ռուսներից վերցնել ձեր հասանելիքը, հիմա ձեր քենը մեր վրա՞ եք քշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել